Հռոմի պապի այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, փետրվարի 16-20-ը տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել և իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ԳՀԽ անդամներին՝ բարի ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նաև ուրախություն է հայտնել ժողովին մասնակցելու հրավիրված Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ներկայության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջինս, իբրև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար և ՀԲԸՄ նախագահ, մշտապես իր զորակցությունն է ցուցաբերում Մայր Աթոռին:

Ժողովի նիստերն ատենապետել են Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովին քննության են առնվել կանոնական ու կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական բազմաբնույթ հարցեր:

Առաջին նիստին քննարկվել է Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցնելով հանդես են եկել Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Քննարկումների արդյունքում որոշվել է նախապատրաստական աշխատանքների ժամանակատարությունից ելնելով` Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը լսել է նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ամենամյա հիշատակության ծիսական կանոնի խմբագրման հանձնախմբի համակարգող Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը՝ Ցեղասպանության նահատակների ծիսական կանոնի և ապրիլի 24-ին կատարվելիք Բարեխոսական կարգի մասին:

ԳՀԽ անդամներին տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ:

Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը տեղեկություններ է փոխանցել Ծայրագույն Արևելքի, մասնավորապես, Յանգունի, Սինգապուրի, Բանկոկի, Մյանմարի Հանրապետության և Բանգլադեշի Դաքքա քաղաքի եկեղեցական համայնքների մասին: Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության` Բելգիայի, Հոլանդիայի, Իսպանիայի և Իտալիայի եկեղեցական համայնքների մասին զեկույցով հանդես է եկել Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացվել են նաև Մայր Աթոռում ընթացող բարեկարգման և կառուցապատման աշխատանքները: Հատուկ անդրադարձ է կատարվել Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների ընթացքին: Նշվել է նաև, որ ընթացիկ տարում կավարտվի Վեհարանի շենքի հիմնանորոգումը և «Էօրնեկեան» դպրոցի նոր մասնաշենքերի կառուցումը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:

Ժողովի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2015թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը: Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Մայր Աթոռում և թեմերում կազմակերպվել են 854 ոգեկոչման և հիշատակի արարողություններ, գիտաժողովներ, սեմինարներ, միջեկեղեցական արարողություններ, խաչքարերի օծումներ, ցուցահանդեսներ և բազմաբնույթ այլ միջոցառումներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 742 է, որոնցից 54-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 48-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 40-ը՝ աբեղա, 469-ը՝ քահանա, 131-ը՝ սարկավագ: ՀՀ զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 51 հոգևոր սպասավորներ: ՀՀ քրեակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում 7 հոգևորականներ:

2015թ. Մայր Աթոռի բաժիններում աշխատել է 1206 անձ, Հայաստանի թեմերում և Արցախում` 1359 անձ: Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 295 սան, որից` 98-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, 81-ը՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 43-ը՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 31-ը՝ Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, 42-ը՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում: «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում ուսանել է 324 աշակերտ: «Էօրնեկեան» մանկապարտեզ հաճախել է 45 մանուկ:

2015թ. շարունակել են գործել 7 հայորդյաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոնը, որտեղ հաճախում են շուրջ 3500 երեխաներ: Տարվա ընթացքում բոլոր հայորդյաց տներում իրականացվել է 282 բազմաբնույթ միջոցառում:

Տարեցտարի ընդլայնվող սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն է հատկացվել անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ծերախնամ կառույցներին, բանտարկյալներին և զինծառայողներին: Հաշվետու տարում Մայր Աթոռի կողմից դրամական և նյութական աջակցություն է ցուցաբերվել 20000 անձի:

2015 թվականին իրենց բնականոն գործունեությունն են շարունակել Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի, Վանաձորի բարեգործական ճաշարանները, որտեղ օրական սնունդ է ստացել ընդհանուր թվով 1000 անձ: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում խնամվում են 14 պատանիներ: Իր գործունեությունը շարունակել է ծավալել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը` անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով հիվանդներին:

2015թ. Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում օծվել են 21 նոր եկեղեցիներ: Շինարարության և վերանորոգման փուլում են գտնվում 34 եկեղեցիներ: Թեմերի հովանու ներքո գործել են 271 կիրակնօրյա դպրոցներ:

Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ է ընդունել ներկայացված զեկույցը՝ ողջունելով իրականացվող լայնածավալ գործունեությունը և Հայոց եկեղեցու առաքելության արդյունավորմանն ուղղված նվիրյալ ջանքերը:

Ժողովն ավարտվել է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Տեսանյութեր

Լրահոս