«Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում ոչ մի հուշարձան չի քանդվի

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր հայտարարեց, որ «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում ոչ մի հուշարձան չի քանդվի:

«Տարածքում հուշարձաններ կան և կան ոչ հուշարձան շենքեր: Բայց և՛ հուշարձանները պետք է պահպանվեն, և՛, վստահ եմ՝ նաև ոչ հուշարձանները: Ինչո՞ւ: Որովհետև դրանք իրար հետ միասնական համալիր են: Այսինք՝ միևնույն է, ինչ շենք էլ այնտեղ կառուցվի, կարմիր գծի վրա՝ Պուշկինի նեղ փողոցում, չի կարող բազմահարկ լինել: Անպայման պետք է կարմիր գծից ետ դրվի: Այնպես որ, մենք կզբաղվենք նախագծով: Համենայնդեպս, մեր մոտեցումը սա է լինելու»,- ասաց քաղաքաշինության նախարարը: Նա նշեց, որ քաղաքապետարանը տրամադրում է նախագծի առաջադրանքը, որտեղ ամրագրվում են սահմանափակումները: «Հուշարձանների մասով կա Մշակույթի նախարարություն, և ես ինքս էլ՝ անկախ լիազորություններից, նման հարցերում հստակ ասում եմ մեր մոտեցումը»:

Անդրադառնալով Արամի 30 հասցեում գտվող շենքը քանդելուն, Նարեկ Սարգսյանը նշեց, թե ասվել է, որ Արամի 30-ը հուշարձանների ցանկում չի եղել. «Բայց մենք ունենք դրա չափագրությունները, և ըստ չափագրության՝ «Հին Երևանի» տարածքում դա անպայման կվերականգնվի»:

Տեսանյութեր

Լրահոս