Հովիկ Աբրահամյանը գիրք նվիրեց կառավարության անդամներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր գիրք նվիրեց կառավարության անդամներին:

Իր խոսքում կառավարության ղեկավարն ասաց. «2001թ. սկիզբ առած, իսկ 2011թ. նորովի մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը, որն արդեն 5 տարի է՝ անընդմեջ Հայաստան է բերում եվրոպացի ժամանակակից լավագույն գրողներին, բացի գրական տոն պարգևելուց՝ հայ և օտարազգի ընթերցողների սեղանին է դնում նաև բացառիկ ժողովածուներ: Պետական աջակցությամբ իրականացվող այս ծրագրի ամենաշոշափելի ու տպավորիչ արդյունքը, անշուշտ, տպագրված գրքերն են:

Վերջին 5 տարվա ընթացքում լույս է տեսել 6 ժողովածու, որտեղ ամփոփված են «Գրական տապան» փառատոնի մասնակից եվրոպացի գրողների նոթերը, էսսեները, բանաստեղծություններն ու պատմվածքները՝ նվիրված Հայաստանին, հայ մարդուն և հայ մշակույթին: Հեղինակներից յուրաքանչյուրին Հայաստանը հետաքրքիր է յուրովի, մեկը տպավորված է հայկական բնաշխարհով, մյուսին գրավում է հայի տեսակն ու կերպարը, երրորդը փորձում է Հայաստանը համեմատել իր երկրի հետ:

Սակայն նրանց բոլորի համար մեր հայրենիքը հնագույն, միստիկ ու մոգական, հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող երկիր է՝ ակնածանքի ու գնահատանքի արժանի: Այս ստեղծագործությունների ժողովածուներն են, որ այսօր՝ գիրք նվիրելու օրվանն ընդառաջ, ուզում եմ նվիրել ձեզ: Ընդամենը 2 տասնամյակ առաջ 3 մլն ազգաբնակչություն ունեցող Հայաստանում հրատարակվող գրքերի միջին տպաքանակը կազմում էր մի քանի տասնյակ հազար օրինակ, որոնք սպառվում էին հաշված օրերի ընթացքում: Հայ ընտանիքները միմյանց հետ մրցակցում էին իրենց գրքային հավաքածուների բազմազանությամբ, վերջին հրատարակություններն ամեն գնով ձեռք բերելու և ընթերցելու ձգտումով: Մեծ տարածում ուներ մտերիմ անձանց գիրք նվիրելու սովորույթը:

Մեր պետության վերջին տարիների վարած մշակութային քաղաքականությունը մեծապես միտված է այս ավանդույթների վերականգնմանը և տարածմանը: Ցանկացած նախաձեռնություն, որ նպատակաուղղված է գրքի և ընթերցանության նկատմամբ ուշադրության բարձրացմանը, արժանանում է պետական հոգածության»:

Տեսանյութեր

Լրահոս