Հայաստանն Իրանի համար ամենավստահելի այլընտրանքն է էներգակիրների տարանցման հարցում. իրանցի փորձագետ
«Հայ-իրանական հարաբերությունները եղունգի և մատի նման են»,- այս մասին այսօր «Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն. համագործակցության 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց իրանցի վերլուծաբան Ամիր Ահմադիան՝ ներկայացնելով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը: Նա նշեց, որ հայ-իրանական հարաբերություններն ու կապվածությունը նման է եղունգին և մատին, որոնց բաժանել հնարավոր չէ: «Նույնը հայ-իրանական հարաբերությունների մասին կարող եմ ասել: Երկու երկրները գնահատում են պատմական անցյալը, ներկան ու սպասվող ապագան»,- ասաց իրանցի վերլուծաբանը: Վերջինս վստահեցրեց, որ Իրանը Հայաստանին իր ամենակարևոր գործընկերներից ու հարևաններից է համարում, որն ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետության կապը քրիստոնյա աշխարհի, Հարավային Կովկասի հետ: Հայաստանն Իրանի համար, ըստ նրա, այլընտրանք է բոլոր ոլորտներում: «Դրանցից առաջինն էներգակիրների տարանցման ոլորտն է: Մենք ունենք դրական հարաբերություններ Թուրքիայի հետ, սակայն ի՞նչ կպատահի, եթե այդ հարաբերությունները վատթարանան, կա նաև Ադրբեջանը, նույնը` այս դեպքում: Հայաստանը մեզ համար ամենավստահելի այլընտրանք է Թուրքիային և Ադրբեջանին, ուստի հուսով ենք, որ Հայաստանը մեզ կկապի Եվրոպային»,- ասաց նա: Ահմադիանի խոսքով՝ Իրանը դիտարկում է ԵՏՄ-ի շրջանակում հայ-իրանական համագործակցությունը ևս՝ գիտակցելով այն, որ Հայաստանն ըստ էության չունի որևէ կապ ԵՏՄ-ի հետ: «Այս ուղղությամբ ևս կան չբացահայտված հնարավորություններ, որոնք կարող ենք օգտագործել»,- ասաց Ահմադիանը: