Հայաստանը գործի է դնում «Սանձահարման/Զսպման համակարգը»՝ առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար

Փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Սեմինարին հանդես գալով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները լուսաբանող ելույթով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մասնավորապես նշեց. «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը»(Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար:

«Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական:

Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման  համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով:

Վիեննայում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 

Տեսանյութեր

Լրահոս