Դեսպան Ադոնցի հանդիպումը Իսպանիայի Կոնգրեսի նորանշանակ նախագահի հետ

Փետրվարի 17-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության Կոնգրեսի նորանշանակ նախագահ Պաչի Լոպեսի հետ:

Դեսպան Ադոնցը շնորհավորեց Պաչի Լոպեսին Իսպանիայի Կոնգրեսի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարներին` կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Դեսպան Ադոնցը տեղեկացրեց, որ հայկական կողմը պատրաստ է իսպանացի գործընկերների հետ աշխատել հնարավոր բոլոր ուղղություններով՝ ի շահ երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման:

Կոնգրեսի նախագահը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար և նշեց, որ Ավետ Ադոնցը օտարերկրյա առաջին դեսպանն է, ում նա ընդունում է պաշտոնը ստանձնելուց ի վեր: Պաչի Լոպեսը նշեց, որ մշտապես հետաքրքրված է եղել Հայաստանով, նրա պատմությամբ, ինչպես նաև հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Դեսպան Ադոնցը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, տարածաշրջանում առկա իրավիճակը: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, Պաչի Լոպեսը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Այս համատեքստում նա կարևորեց հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության միջոցների ներդրման անհրաժեշտությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ողջ աշխարհում, այդ թվում նաև Իսպանիայում տեղի ունեցած միջոցառումների և դրանց խորհրդի շուրջ քննարկումների համատեքստում դեսպան Ադոնցը շնորհակալություն հայտնեց նախորդ տարի Իսպանիայի Կոնգրեսում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների համար:

Տեսանյութեր

Լրահոս