Հովիկ Աբրահամյանը՝ Արթուր Ջավադյանին. «Փորձեք համոզել». Ո՞ր դեպքում վթարի մասնակիցները կարող են չսպասել ԱՊՊԱ աշխատակցին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող՝ համաձայնեցված հայտարարագրի ձևը:

Նախագիծը կառավարությունում ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ասելով, թե որոշման նախագծով հնարավորություն է տրվել ավտոպատահարների մասնակից վարորդներին՝ չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին և հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը և լուսանկարելով պատահարի մանրամասները՝ այն պարագայում, եթե ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը: «Արդյունքում՝ կպարզեցվի պատահարի կարգավորման գործընթացը, և որոշակիորեն կնվազեն խցանումները»,- ասաց ԿԲ նախագահը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ սա լավ առաջարկ է՝ նշելով, որ 2014թ. եղել է մինչև 50 հազար դրամ ծախս ենթադրող 9500 դեպք, իսկ 2015թ.՝ 6000:

«Իհարկե, Դուք մեծ ջանք եք ներդրել՝ ապահովագրական ընկերությունների հետ քննարկելիս: Եթե դարձնեք 100 հազար, մենք, իրոք, լուրջ խնդիր ենք լուծելու: Դրանք վթարների մոտ 32 տոկոսը կլինեն: Ես Ձեզ հորդորում եմ, որ աշխատեք իրենց հետ, փորձեք համոզել գոնե մինչև 100 հազարի պարագայում, որ խցանումների խնդիրը լուծվի, թե չէ դա մեծ խնդիրներ է ստեղծում երթևեկության համար: Իրոք լավ նախաձեռնություն է, առաջընթաց է: Իրենք առաջարկում են, որ մի երկու ամիս աշխատենք, հետո մեկ անգամ ևս քննարկենք: Միգուցե 2-3 ամիս հետո նորից անդրադառնանք այդ հարցին, բայց փորձեք համոզել, եթե հնարավոր է»:

Արթուր Ջավադյանն ասաց, որ մինչև 50 հազար դրամի ծախս ենթադրող վթարները կազմում են ընդհանուր վթարների 20 տոկոսը. «Սկսենք այդ քայլից, հետո կշարունակենք: Ապահովագրական ընկերությունները, իհարկե, մտավախություններ ունեն, որ տարբեր զեղծարարություններ կլինեն»:

Տեսանյութեր

Լրահոս