Անկարայի ահաբեկչությունը մատնանշում է ահաբեկչության դեմ պայքարում բոլոր երկրների միավորման անհրաժեշտությունը. ՌԴ ԱԳՆ
Անկարայի ահաբեկչությունը ևս մեկ անգամ մատնանշում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում բոլոր պետությունների միավորման անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Կապված փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ՝ խորապես ցավակցում ենք թուրք ժողովրդին: Անկեղծորեն մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ առողջություն ենք մաղթում այդ հրեշավոր ակցիայի հետևանքով վիրավորներին»,- նշված է ԱԳՆ-ի տարածած փաստաթղթում:
ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում ընդգծել են, որ «բարբարոսական հանցագործությունը չի կարող արդարացում ունենալ»:
«Դրա կազմակերպիչներն ու պատվիրատուները պետք է պատասխան տան հանցագործության համար: Կատարվածը ևս մեկ անգամ մատնանշում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում բոլոր պետությունների միավորման անհրաժեշտությունը»,- ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61 մարդ վնասվածքներ է ստացել: