Բաքուն քննարկում է Սիրիայում իսլամական կոալիցիային մասնակցության հարցը. Մամեդյարով
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ ու հայտարարել, թե «Ադրբեջանի դիրքորոշումն այդ առնչությամբ պարզ է՝ մենք դատապարտում ենք ահաբեկչությունը դրա ցանկացած դրսևորմամբ»: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Մամեդյարովի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցը շատ մասշտաբային հարց է, ու ներկայում քննարկման փուլում է գտնվում Սիրիայում հակաահաբեկչական իսլամական կոալիցիային Ադրբեջանի մասնակցության հարցը:
Նրա խոսքով՝ այդ հարցով դեռ որոշում չի կայացվել:
«Մենք ստացել ենք կոալիցիային միանալու առաջարկություն: Որոշում դեռ չի կայացվել: Քննարկվում է, թե ինչպես կարող է Ադրբեջանը մասնակցել Իսլամական կոալիցիային»,- ասել է Մամեդյարովը:
«Մենք քննարկել ենք տարածաշրջանային ու երկկողմ հարաբերությունները, այն ռազմավարական հարաբերությունները, որոնք գոյություն ունեն մեր երկրների միջև»,- հայտարարել է Մամեդյարովը: