Բաժիններ՝

Ճապոնիայի դեսպանությունն աջակցում է «Հերացի» ավագ դպրոցին

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կհամալրվի տեխնիկական սարքավորումներով և նոր կահույքով: Կրթօջախում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ ազդարարվել է «Հերացի» ավագ դպրոցի բարելավում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Ողջունելով կրթօջախի աշակերտներին և մանկավարժներին՝ Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ դպրոցի պայմանների բարելավման առաջին շահառուներն աշակերտներն են, և սա նրանց ապագային միտված քայլ է.

«Ես հուսով եմ, որ «Հերացի» ավագ դպրոցը դեսպանատան աջակցությամբ բարեկամական կապեր կհաստատի Ճապոնիայի դպրոցների հետ, և հայ ու ճապոնացի դպրոցականները կդառնան լավ ընկերներ: Ապագան ճիշտ կառուցելու համար դպրոցում ձեռքբերված կապերը շատ ամուր ու կարևոր խարիսխ են հետագայի համար»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալը: Մ. Մկրտչյանը ՀՀ կառավարության և ԿԳՆ-ի անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ աջակցության համար և հույս հայտնել, որ կրթության ոլորտի հետ համագործակցությունը կլինի շարունակական: Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, կարևորելով համագործակցությունը, շեշտադրել է մարդկային ռեսուրսների զարգացումը. «Հայաստանում, ինչպես նաև Ճապոնիայում մարդկային կապիտալի զարգացումը ունի կարևոր նշանակություն: Մեր երկրների ընդհանրությունն այն է, որ առաջընթացի գրավականը մարդկային կապիտալի զարգացումն ենք համարում»,- իր խոսքում նշել է դեսպանը:

««Հերացի» ավագ դպրոցի բարելավում» ծրագրի իրականացմանն աջակցել է «Ապագան քոնն է» հասարակական բարեգործական կազմակերպությունը: Միջոցառման ավարտին Ճապոնիայի դեսպանատան և հասարակական կազմակեպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ դպրոցում դրամաշնոհային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: ««Հերացի» ավագ դպրոցի բարելավում» ծրագրով նախատեսվում է դպրոցի տաս դասասենյակների, երկու լաբորատորիաների, գրադարանի, ընթերցասրահի, դահլիճի և վարչական սենյակների կահավորում, ինչպես նաև առաջին հարկի նորոգում: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 90 հազար դոլար է կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս