«Մոգերինիի այցը Հայաստան լավ հնարավորություն է ՀՀ ղեկավարության համար». Էդուարդո Լորենցո Օչոա
«Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան ցուցիչ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան՝ անդրադառնալով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական այցին Հայաստան: Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ շատ շուտով Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Հայաստան։ «Ես չեմ ուզում այս առիթով հայտարարել այդ ժամկետը, որովհետև իմ պատասխանատվության խնդիրը չէ դա։ Միայն կարող եմ ասել, որ նրա այցը նախապատրաստում ենք Հայաստանի իշխանությունների հետ միասին»,- ասել էր Սվիտալսկին։
Էդուարդո Լորենցո Օչոան նշեց, որ Մոգերինիի այցը Հայաստան ՀՀ-ԵՄ փայլուն հարաբերությունների ցուցիչն է: «Ի հավելումն դրա, ես նաև կարծում եմ, որ սա ՀՀ ղեկավարության համար լավ հնարավորություն է բանակցվող նոր համաձայնագրի ուղղությամբ քաղաքական կամք ցուցաբերելու և շարունակելու բարեփոխումների իրականացումը` այդպիսով առաջարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ, որտեղ ՀՀ-ԵՄ միասնական աշխատանքը կարող է փոփոխություն բերել երկրում»,- ասաց նա: Վերջինս լավատես է ԵՄ-ՀՀ հարաբերությունների այս նոր շրջափուլի հարցում, քանի որ բանակցությունները չեն սկսվելու զրոյից: «Ընդհակառակը, կողմերն աշխատելու են այն ամենի վրա, ինչն արդեն կառուցվել է, ուստի մենք կարող ենք կոնկրետ արդյունքներ ակնկալել ողջամիտ ժամկետներում»,- նման հույս հայտնեց Էդուարդո Լորենցո Օչոան:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: