Այսօր ՀԱԿ-ը և «Նոր Հայաստանը» կորոշեն՝ մարտի 1-ին միասնական հանրահավաք անելո՞ւ են, թե՞ ոչ

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին Ազատության հրապարակում նույն ժամին հանրահավաք անելու երկու հայտ է ներկայացվել Երևանի քաղաքապետարան, որոնք երկուսն էլ ի գիտություն են ընդունվել քաղաքապետարանի կողմից: Հայտերից մեկը ներկայացրել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը, մյուսը՝ ՀԱԿ-ը:

«Տարօրինակ վիճակ է, երբ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել երկու հայտերն էլ նույն տեղում, նույն ժամին, որը շատ սադրիչ որոշում էր քաղաքապետարանի կողմից, բայց իշխանություններն ինչքան էլ սադրեն, մենք պետք է լուծումներ գտնենք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ «Նոր Հայաստանի» անդամները գնացել էին ՀԱԿ-ի գրասենյակ, ու իրենք ներկայացրել են միասնական միջոցառում անցկացնելու ծրագիր. «Առաջարկեցինք միասնական միջոցառման կոնկրետ ծրագիր, նորմալ քննարկում գնաց, իրենք ասացին, որ պետք է քննարկեն դա, և այսօր, կարծես, մենք պետք է նորից հանդիպենք, որ իրենց պատասխանը լսենք»:

Դիտարկմանը, թե՝ իրենք էլ էին այն ժամանակ նույնն առաջարկում ձեզ, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Իրենք ընդամենն առաջարկում էին համատեղ հանրահավաք անենք, մենք առաջարկել ենք համատեղ միջոցառման ծրագիր»:

Տեսանյութեր

Լրահոս