
Թուրքիան 15 հազարանոց զորք է կենտրոնացրել Սիրիայի սահմանին

Ermenihaber.am կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակներում Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայվել:
Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի տեղեկացմամբ` սահման է ուղարկվել նաև համապատասխան զինտեխնիկա` «Fırtına» տեսակի հաուբից հրանոթներ, տանկեր և հրետանային մարտկոցներ, որոնք տեղակայվել են սահմանագծի վտանգավոր հատվածներում:
Նշվում է, որ գլխավոր շտաբի կողմից պլանավորվել է թուրք-սիրիական սահմանին ստեղծել հումանիտար անվտանգության գոտի:
Հաշվի է առնվել նաև խաղաղ բնակչության գտնվելու վայրերում Սիրիայի քրդերի ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-YPG) և ռուսական զորքերի հետ թուրքական բանակի ստորաբաժանումների հնարավոր բախման սցենարը: Այդ պարագայում օրակարգ է բերվելու «թռիչքների համար արգելված գոտի» հայտարարելը, ինչին, ըստ թուրքական կողմի, աջակցում է Գերմանիան:
Նշվում է, որ Սիրիայի Ազազ շրջանից ու Հալեպից դեպի Թուրքիայի սահման փախստականների զանգվածային հոսքի դեպքում թուրքական ստորաբաժանումները կանցնեն սահմանը ու կտեղակայվեն սահմանի հակառակ կողմում` ստանձնելով վահանի դեր:
Աղբյուրը նաև նշում է, որ սահմանին տեղակայված ստորաբաժանումները բերված են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և սպասում են Անկարայի հրահանգներին: