
ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի գործողությունները Սիրիայում «բեսպրեդել» է որակել

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «բացարձակ բեսպրեդել» է անվանել Անկարայի գործողությունները թուրք-սիրիական սահմանին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Սիրիային աջակցություն ցուցաբերող միջազգային խմբի Մյունխենի հայտարարության ընդունման ու ստորագրման պայմաններում, երբ բոլոր կողմերը միտված են կրակի դադարեցմանը, Թուրքիան գնդակոծում է բնակավայրերն իր սահմանից, այնտեղ է ուղարկում գումար, մարդկանց, նյութատեխնիկական միջոցներ»,- հայտարարել է Զախարովան:
Անցած շաբաթ հաղորդվել է այն մասին, որ թուրքական ուժերն ինտենսիվ կրակ են բացել հրետանուց Սիրիայում՝ Թուրքիայի սահմանի հարևանությամբ գտնվող քրդական դիրքերի վրա:
Սիրիական պետական ԶԼՄ-ները, հղում կատարելով Սիրիայի ՆԳՆ-ին, հայտնել են, որ թուրքական կողմից սահմանը հատել են 12 պիկապներ՝ հագեցած խոշոր տրամաչափի գնդացիրներով:
Անկարան նախօրեին Սիրիա զինվորականներ ուղարկելու մասին լուրը սուտ է անվանել: