
Օբաման նախագահի պաշտոնը չափազանց լուրջ է համարել Դոնալդ Թրամփի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի դառնա ԱՄՆ հաջորդ նախագահը, քանի որ չի համապատասխանում այդ աշխատանքին, հայտնում է BBC-n:
«Ես դեռ կարծում եմ, որ Թրամփը չի դառնա նախագահ: Դա կապված է ամերիկացի ժողովրդի նկատմամբ մեծ հավատի հետ»,- ասել է Օբաման:
Նա հավելել է, որ էլեկտորատը «հասկանում է, որ նախագահ լինելը շատ լուրջ աշխատանք է»:
«Դա ծանր աշխատանք է, ու դրա իմաստն այն չէ, որ ասես այն, ինչ դուր կգա մարդկանց ու անես այն, ինչ կօգնի պետք եղած օրը հայտնվել նորությունների թողարկումներում»,- նշել է ԱՄՆ գործող նախագահը:
Թրամփն արդեն մեկնաբանել է Օբամայի արտահայտությունները՝ նշելով, թե որպես հաճոյախոսություն է ընկալում Օբամայի քննադատությունը, որը «երկրին այդքան շատ վնաս է հասցրել»:
Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից: Հարցումների համաձայն՝ նա առաջատար է: Բացի այդ՝ միլիարդատերն արդեն հաղթել է Նյու Հեմփշիր նահանգի նախնական ընտրություններում ու հաղթանակում է Հարավային Կարոլինայում: