Գյումրիում միակ կին-տեսուչը գործազուրկ է դարձել. վաճառում է տան գույքը
asparez.am. Գյումրու Վարդանանց հրապարակում գործող ավտոկայանատեղում շատերն են ճանաչում միակ կին-տեսուչ Ռուզաննային: Կինն այստեղ աշխատում էր տարիներ շարունակ, խոստովանում է` լավ է վարձատրվել, կարողացել է ընտանիքի կենցաղային խնդիրները լուծել: Սակայն արդեն մեկ շաբաթ է` 54-ամյա Ռուզաննա Տիգրանյանը գործազուրկ է մնացել: Աշխատանքը կորցրել է, քանի որ Գյումրիում վարորդների համար այս տարվա հունվարի 1-ից ավտոկայանատեղերը դարձել են անվճար, իսկ կարգը հաստատվել է ավագանու որոշմամբ: Քաղաքապետարանը, կնոջ պատմելով, իրեն առաջարկել է այլ աշխատանք` մաքրել քաղաքի փողոցները: Տիկին Ռուզաննան, սակայն, չի համաձայնում: Ասում է` առողջությունը թույլ չի տալիս այդ ժամերին դուրս գալ, ունի բրոնխային հեղձուկ` ասթմա:
-Քաղաքապետարանում ըսին` արի փողոց մաքրե, ըսի` ես ի վիճակի չեմ, բրոնխիալ ասթմա ունեմ. լավ է լինեմ աման լվացող, հավաքարար, եթե ես դուրս ելա` կխեղդիմ,-ասում է Ռուզաննա Տիգրանյանն ու պատասխանում իմ այն հարցին, թե ավտոկայանատեղում առողջական խնդիրներ չէին առաջանում, երբ ստիպված էր երկար մնալ դրսում,-գիտեք ո՞ր ժամին կերթայի` ուշ, ամեն օր շտապօգնություն կուգա, թեւս օր բացեմ` կվախենաք…
Ղորղանյան փողոցի 1-ին նրբանցքի 5-րդ կիսախարխուլ տանը Ռուզաննա Տիգրանյանն ապրում է միակ որդու, երկու դստեր ու 2 թոռնուհու հետ:
Տիկին Ռուզաննայի փոքր դուստրը խնամքին ունի 4 ամսական երեխա: Երեխան Գյումրու բուժհաստատություններից մեկից անվճար ստանում է կաթնամթերք: Երեխայի մոր` 22-ամյա Աննայի խոսքով` ընտանեկան նպաստ չեն ստանում, պատճառը երեխայի եւ իր հաշվառման ու գրանցման խնդիրն է:
-Փորձել եմ աշխատանք գտնել, բայց չի ստացվել, ռեստորանում են աշխատանք առաջարկել, բայց աշխատանքային ժամերը հարմար չեն եղել: Եթե մամաս պահի էրեխուն, նորմալ աշխատանք գտնեմ, լավ կեղնի,-ասում է Աննան:
Տիկին Ռուզաննայի որդին ապագա զինվոր է, 17 տարեկան է: Մեծ դուստրը այցելությանս ընթացքում տանը չէր, ժամանակավորապես Թիֆլիսում է գտնվում: Իսկ տիկին Ռուզաննայի 2-րդ թոռնուհին Գյումրու գիշերօթիկներից մեկի սան է, ընտանիք է վերադառնում միայն շաբաթ եւ կիրակի օրերին:
Ընտանիքը ձմռան օրերն անցկացնում է կիսասառը սենյակում, ասում են` վառելափայտ չի մնացել, իրենց ոչ ոք չի օգնում: Սենյակի խոնավությունն ու ցուրտ ջերմաստիճանը զգացնել է տալիս: Երեխան կիսով չափ սառն է: Բազմոցի վրա դրված տոպրակն է ցույց տալիս տիկին Ռուզաննան ու ասում. «Հանել ենք, ըսպես կծախենք»:
Տոպրակում դրվածը մի սկահ է. տիկին Ռուզաննան դրսում անցորդներից մեկին խնդրելու է այն գնել, որպեսզի գումարով հաց ու վառելափայտ գնի ընտանիքի համար: