
Քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն իրարամերժ են. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես եւ խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռեւս վերջնական չեն, եւ կարծես թե Երեւանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են: Առաջինը նախընտրում է արձանը տեղադրել եւ բացել ապրիլին (այդ ամսվա 17-ին Դեմիրճյանի ծննդյան օրն է), երկրորդ դեպքում հակվածություն կա դա հետաձգել մինչեւ հաջորդ տարի, մինչեւ Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Ամեն դեպքում, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի միջոցառումը չհետաձգելու մասին:
Կարեն Դեմիրճյանի դեկորատիվ, կոմպոզիցիոն եւ սպիտակ մարմարից հուշարձանը կունենա 3 մետր 70 սանտիմետր ընդհանուր բարձրություն: Քանդակագործ Արզումանյանը մանրամասնել է, որ նախընտրել է Դեմիրճյանի կերպարը բացահայտել պարզ լուծումների միջոցով: Նկարում՝ ձախից արձանի գիպսե տարբերակն է, աջից՝ քանդակվող մարմարը:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած Կարեն Դիմիրճյանի հիշատակը հավերժացնող կոթող տեղադրելու մտադրության մասին քաղաքային իշխանությունները բարձրաձայնել էին դեռ մեկուկես տասնամյակ առաջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: