Բաժիններ՝

«Պետոն հասկացավ, որ միտինգներով մենք շատ առաջ չենք գնա…»

aparaj.am. «Փետրվարի 14-ը Արցախյան շարժման ու պատերազմի առաջամարտիկ, հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ «Ոսկե արծիվ» շքանշանակիր Պետրոս Ղեւոնդյանի հիշատակի օրն է:

22 տարի առաջ այս օրը նահատակվեց Պետրոս Ղեւոնդյանը: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ դուրս բերում վիրավոր զինվորին: Նա զոհվում է ականի պայթյունից:

12745576_1524838784479440_5099094976203175871_n

Պետոն այն նվիրյալներից է, ովքեր իրենց արյամբ կերտեցին մեր ժողովրդի պատմությունը, գծեցին մեր երկրի սահմանները: Նրա եւ նրա նմանների անուններով շատերը կոչեցին իրենց որդիներին:

Պետրոս Ղեւոնդյանի ծննդավայրը Պռոշյան գյուղն է: Գյուղում մեծացել եւ ուսում է առել: Ուսումը շարունակել է Երևանի թիվ 18 պրոֆտեխուսումնարանում: 1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:

Պետոն մեծացել է մեծ ընտանիքում. 4 երեխա էին՝ ինքը, եղբայրը՝ Գագիկը, եւ երկու քույրերը՝ Անահիտն ու Գոհարը:

Նրա ավագ քույրը` Անահիտ Ղեւոնդյանը, պատմում է, որ մոր հիվանդության պատճառով, որպես տան մեծ, ինքն է խնամել կրտսեր եղբորը:

petros-chevondyan1

«Պետոն շատ աշխույժ երեխա էր եւ ուներ բազմաբնույթ նախասիրություններ: Փոքր հասակից իր պատկերացմամբ զենքեր էր պատրաստում, ռադիո, հեռուստացույց եւ մագնիտոֆոններ էր հավաքում: Մենք երբեք որեւէ սարքավորում վարպետի նորոգելուն չենք տվել, ամեն ինչ մենք ենք վերանորոգել կամ սարքել, հատկապես՝ Պետոն,- ասում է Անահիտը,- պատահական չէ, որ Պետոն ընտրել էր ռադիոֆիզիկայի բաժինը, քանի որ դպրոցում շատ էր սիրում ֆիզիկա առարկան: Բացի դրանից, հետաքրքրված էր նաեւ հայ գրականությամբ»:

«Աշխատանքից գալուց` Պետոն միշտ ընդառաջ էր վազում ինձ եւ դիմավորում: Եթե հանկարծ չէր գալիս, ես հասկանում էի, որ մի բան այնպես չէ տանը, արտառոց բան է պատահել, ու ես էի սկսում վազել, որ շուտ հասնեմ տուն, տեսնեմ՝ ինչ է պատահել»,- պատմում է Անահիտը:

3TyAtYUBzdp7JWe9rvicR6RYqL

Պետոն ու Կարոտը, զգալով, որ Արցախում վիճակը օրհասական է, Պռոշյանում կամավորական ջոկատ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ սկսեցին, ինչի արդյունքում կազմվեց Պռոշյանի տղաների 30 հոգանոց ջոկատը: Պետոյի հետ էր նաեւ նրա հարազատ եղբայրը՝ Գագիկը:

Մի քանի անգամ մասնակցելով ցույցերին՝ Պետոն հասկացավ, որ միտինգներով մենք շատ առաջ չենք գնա: Նա գիտակցում էր, որ մեր անելիքը պետք է ավելի լուրջ լինի, եւ ուզենք, թե չուզենք՝ մենք գործ ենք ունենալու զորքի եւ զենքի հետ:

Համագյուղացի, մարտընկեր Արմեն Գալստյանը պատմում է, որ գյուղի տղաներն առանց վարանելու համախմբվեցին Պետոյի ու Կարոտի շուրջը:

11696829_1455619364734716_1176556555_n

Պետոյի ծնողները, բարի վերադարձ մաղթելով տղային, ճանապարհեցին Ղարաբաղ: Նրանք մանկուց հայրենասիրություն են սերմանել երեխաներին: Անահիտն այդ մասին ասում է. «Մենք ընտանյոք նույն գործն ենք արել, ուղղակի, դժբախտաբար, Պետոն այլ ճակատագիր ունեցավ»:

1989 թվականին Պետոն ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

«Իմ ու Պետոյի առաջին մարտական գործողությունը Նոյեմբերյանի Բաղանիս գյուղի ինքնապաշտպանությունն էր: Առաջին հաղթանակը ոգեւորեց մեզ, մենք համոզվեցինք, որ ճիշտ որոշում ենք կայացրել՝ հավատելով ու վստահելով տղաներին,- ասում է Արմեն Գալստյանը եւ ավելացնում,- առաջին մարտական գործողության հաղթանակի ոգին ուղեկցեց մեզ ամբողջ Արցախյան պատերազմի ընթացքում»12745680_209145846104774_8981725156501764681_n:

Պետոն իր մարտական ուղին սկսեց Նոյեմբերյանից: Նոյեմբերյանի գյուղերն ազատագրելուց հետո շտապեց Արցախ: Մասնակցեց Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Պետոն հասկացավ, որ ամենաիրական եւ հայրենիքին նվիրված գաղափարախոսություն ունեցող կուսակցությունը Դաշնակցությունն է: Անդամագրվեց նրա շարքերին:

Անահիտը պատմում է, որ Պետոն միշտ ասում էր. «Յուրաքանչյուր հայ մարդ հոգու խորքում դաշնակցական է»:

1992թ. կազմավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը: Պետոն նշանակվեց նրա փոխհրամանատար: Նա տիրապետում էր ռազմական բոլոր հմտություններին եւ հեշտությամբ կարողանում էր հասկանալ, թե որ կողմից է հարձակվելու թշնամին եւ ինչքան զենք անհրաժշտ կլինի թշնամուն հետ մղելու համար:

«Պետոն շատ խելացի էր: Նա սիրում էր սովորել եւ սովորեցնել,- պատմում է Արմենը: -Հիշում եմ՝ 1992 թվականն էր: Շուշին ազատագրելուց հետո Պետոյի սենյակում, սեղանի վրա դրված գտա «Խորհրդային բանակի մարտական կանոնագիրքը»: Կատակով հարցրի՝ կարդո՞ւմ ես, ինչի՞դ է պետք. չէ՞ որ ուրիշներին դու ես բան սովորեցնում: Ասաց՝ Արմեն ջան, եթե ուզում ենք հաղթել պատերազմում, ապա այս կանոնագիրքը պետք է ոչ թե ուսումնասիրել, այլ անգիր իմանալ»:

Պետրոս-Ղևոնդյան

Պետրոս Ղևոնդյան

Պետոյի գլխավորած ցանկացած մարտական գործողություն՝ պաշտպանություն, հարձակում, անգամ նահանջ, հաշվարկված էր եւ կազմակերպված ամենաբարձր մակարդակով:

«Կապ չուներ, թե ինչ գործողության էինք մասնակցելու. եթե Պետոն մեզ հետ էր, վստահ էինք, որ առանց կորուստների ենք դուրս գալու,- ասում է նա եւ շեշտում՝ Պետոն ծնվել էր զինվորական դառնալու համար: Նա օժտված էր հրամանատարի բոլոր հատկանիշներով՝ խելացի էր, անձնվեր, խիզախ: Պետոն մեր ուղեցույցն էր, փարոսը, առաջնորդը…»:
12741917_986951638063167_6189948973304678409_n

Արցախյան պատերազմում «կեղծ պոստեր»-ի գաղափարը Պետոյի գաղափարն էր: Նրա ռազմական գիտելիքների շնորհիվ ազատագրվեցին բազմաթիվ բնակավայրեր՝ տալով աննշան կորուստներ: Պետոյի նման հրամանատար կորցնելը ոչ միայն գումարտակի ու իր մտերիմների կորուստն էր, այլ՝ հայ ազգի:

1993թ. հունվարին Սրխավենդում նա ԻԳԼԱ-ով խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը: Այդ խիզախության համար Պետոն արժանացավ դրամական պարգեւի: Այդ գումարը Պետոն ամբողջությամբ փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին:

«Շահումյանի անկման ժամանակ, հիշում եմ, առավոտ էր, բոլորս քնած էինք, զարթնեցինք Պետոյի ձայնից, ով հրամաններ էր տալիս զինվորներին, թե որ պոստ ինչքան զենք ու քանի հոգի մարդ ուղարկեն: Ասաց՝ նռնականետը եւ նշանը տարեք այսինչ տեղը, այդտեղից հակառակորդը հնարավոր է հարձակվի տանկերով: Եվ այդպես էլ եղավ: Պետոյի նշած կողմից են հարձակվեցին տանկերը,- պատմում է Արմենը,- այդ օրը ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, կարողացանք հետ մղել թշնամուն, սակայն Պետոն մի զինվորի հետ մնաց շրջափակման մեջ՝ բարձր տեղից ընկել էին անդունդը: Պետոյի ճարպկության շնորհիվ նրանք դանակով ոտքի տեղեր փորեցին եւ մեկը մյուսին օգնելով բարձրացան բլուրն ու միացան մեզ»:

загруженное-1

Պետոն մի տեղից մյուսն էր տեղափոխվում: Առավոտից իրիկուն անց էր կացնում առաջնագծում: Իր ներկայությամբ զգաստացնում էր զինվորներին եւ մեծացնում նրանց պատասխանատվությունը հայրենիքի նկատմամբ:

«Պետոյի մասին խոսելիս՝ շատ եմ հանգստանում, հոգիս հանգստանում է: Նա մեր սրբությունն է, մեր անցածը եւ տեսածը,- պատմում է Արմենը:-Կարոտի անհետ կորելուց հետո Պետոն չկարողացավ գնալ Պռոշյան: Նրանք շատ էին կապված իրար հետ: Պետոն շատ ծանր տարավ ընկերոջ անհետանալու լուրը…»:

Պետոյի եղբորորդին՝ Վարդանը, պատմում է, որ Արցախ առաջին անգամ նրան տարել է Պետոն: Վարդանն այդ ժամանակ 13 տարեկան էր:

934045_482597505277609_7298772649020487698_n

«Նա տարավ ինձ իր հետ՝ տեսնելու Արցախը եւ զգալու այն ազատագրական շունչը, որը տիրում էր այնտեղ»,- ասում է Վարդանը:

Վարդանն ապրում է Ղեւոնդյանների պապական տանը, որտեղ ծնվել ու մեծացել է Պետոն: Ամուսնացած է եւ ունի երկու զավակ: Կրտսեր որդուն կոչել է հորեղբոր անունով՝ Պետրոս: Վարդանը, ինչպես իր հայրն ու հորեղբայրը, նույնպես զինվորական է:

1545063_239934496188381_1294843224_n

Պետոյի ընկերները Վարդանի տան մշտական հյուրերն են: Ասում են՝ ոչինչ չի փոխվել, մեր ընկերությունը շարունակվում է…

Անահիտը, խոսելով նոր սերնդի մասին, ասում է, որ մենք ունենք լավ երիտասարդներ, ովքեր անպայման շարունակելու են Պետոյի սկսած գործը եւ, Աստված չանի, եթե նորից բոլորս մարտի ելնենք՝ ի հայտ են գալու նոր պետոներ»:

Լուսինե Թևոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս