«Կոալիցիան այս ուղերձի մեջ տեղավորվող խնդիրներից մեկն է». Սամվել Նիկոյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Սա ուղերձ էր այն փոփոխությունների մասին, որ մեր երկրում պատրաստվում ենք իրականացնել: Սովորաբար ուղերձները կամ նախագահների նման ելույթները տեղի են ունենում նախընտրական համագումարներում, բայց սա եզակի է մի առումով, որ սա որևէ նախընտրական խնդիր չի լուծում, այլ ընդամենը նպատակն է՝ բացատրել հանրությանը, հստակ մեսիջներ ուղղել այն փոփոխությունների մասին, որ մեր երկրում պատրաստվում ենք իրականացնել՝ հիմք ընդունելով և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ խոսելով նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մասին:

Թե ինչո՞ւ անդրադարձ չեղավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրին, Ս.Նիկոյանի կարծիքով՝ այդ գլոբալ առաջարկի մեջ ճիշտ չէր լինի, որ ներքաղաքական արդեն լուծված խնդիրների արտացոլումը տեղ գտներ: Ընդհակառակը, ըստ նրա, այս ուղերձից հետո է անհրաժեշտ դրա մասին խոսել՝ որպես ուղերձից բխող քայլերից մեկը. «Ենթադրենք՝ ասվում է՝ 2 օր հետո, կամ այսօր ուշ ժամին, կամ երկուշաբթի, դրանից շա՞տ բան է փոխվում: Այս ուղերձն իր մեջ ավելի մեծ տարողունակ խնդիր է պարունակում, քան կոալիցիան: Կոալիցիան այս ուղերձի մեջ տեղավորվող խնդիրներից մեկն է»:

ՀՀԿ ԳՄ անդամը ժխտեց, որ Դաշնակցության հետ անհամաձայնություններ կան, կամ համագործակցությունը կարող է չկայանալ. «Նման բան չի կարող լինել: Համագործակցության մասին կհայտարարվի մոտ օրերս»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս