Բաժիններ՝

«Ամենախելացին» ԿԳՆ-ի համար դարձավ ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը. Արմեն Աշոտյան

«Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն ՀՀ կրթության և գիտության նախարարության համար դարձավ ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը: Այս մասին փետրվարի 13-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Շատ ուրախ եմ, որ այն համագործակցությունը, որը մեկնարկեց Արմենիա TV-ի հետ, ԿԳՆ-ի համար ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը դարձավ: Երբ մենք սկսում էինք շարժումը Հայաստանում, խնդիրը մ իայն ֆինանսականը չէր: Ավելի կարևոր էր, որպեսզի նախագիծն էկրաններից թափանցի բնակարան, մտնի այն մարդկանց տներ, որոնք նայում են այս հաղորդումը»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով` թվում էր, թե նման հաղորդումը չպետք է վայելեր ժողովրդականություն, որովհետև հեռուստասերիալ չէ, սկանդալ չէ, սակայն այն դարձավ շաբաթվա ամենադիտվող հաղորդումներից մեկը: «Հեռուստաեթերում մանկական, պատանեկան ինտելեկտուալ ժամանակից ծրագրերի պակաս կար: Մենք կարողացանք կյանքի կոչել հեռուստանախագիծ, որը վերածվեց շարժման»,-նշեց նա` հավելելով, որ մասնակից պատանիները դարձան հերոսներ, իսկ հեռուստաէկրանից սկսեց գովազդվել գիտելիքը: Արմեն Աշոտյանի խոսքով` «Ամենախելացին» շոուի այս տարվա թիրախն ուսանողներն են:

Հեռուստանախագծի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշեց, որ «Ամենախելացին» սովորական, հավասար հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապացուցել, որ գիտելիքի շնորհիվ կարելի է հասնել բարձունքների, հասկանալ, որ ունի ապագա: «Թվում է՝ ընդամենը խաղ է, բայց մեծ բանալի է վաղվա օրվա համար»,-նշեց նա:

ՀՀ ԿԳ նախարարության, «Արմենիա Թի Վի» ՓԲ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև փետրվարի 13-ին ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր, «Արմենիա» հեռուստաընկերությամբ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանը իրականացնելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս