Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը կարող է բացասաբար ազդել գյուղատնտեսության վրա
Վերջին օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, պարզվում է, կարող է բացասաբար ազդել այգեգործության վրա:
Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ գյուղնախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը, նման եղանակային պայմանների տևական լինելու դեպքում մեծանում է պտղատու ծառերի բողբոջման հավանականությունը, և քանի որ առաջիկայում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման հավանակություն կա, ապա այն բացասաբար կանդրադառնա պտղատու ծառերի բերքատվության վրա։ Բացի այդ՝ ցանքատարածություններում կարող է միջատների ակտիվություն գրանցվել։
«Օդի ջերմաստիճանի բարձրացումն ու կտրուկ անկումը բացասաբար կարող է անդրադառնալ մասնավորապես հարթավայրային գոտիներում գտնվող պտղատու այգիների վրա, հատկապես, որ լեռնային գոտիներում դեռևս ձյուն կա, ինչն էլ օդի մեջ սառը հոսանքներ է առաջացնում»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ առայժմ վաղ է կոնկրետ կանխատեսումներ անել:
Ի դեպ, ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության փոխտնօրեն Լաուրա Հովսեփյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ հանրապետությունում առաջիկա 5 օրերի ընթացքում կդիտվի օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում՝ 4-5 աստիճանով. ցերեկները կդիտվի +15 +16, իսկ գիշերները՝ +3 +6 աստիճան տաքություն։