Իսլամիստների հարձակման հետևանքով Մալիում ՄԱԿ-ի 6 խաղաղապահ է սպանվել
Մալիի հյուսիսում գտնվող Կիդալ քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի բազայի վրա իսլամիստների հարձակման հետևանքով կազմակերպության 6 խաղաղապահ է սպանվել, հայտնում է ՄԱԿ-ը:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Անսար ադ-Դին» խմբավորումը, որը «Ալ-Քաիդան» իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորման ճյուղն է:
Զինյալները գրոհել էին բազան երեկ առավոտյան պայթուցիկով լի ավտոմեքենայով, իսկ հետո ականանետից գնդակոծել ճամբարը: Սպանված խաղաղապահները Գվինեայի քաղաքացիներ են: ՄԱԿ-ի տեղեկություններով՝ մոտ 30 մարդ վնասվածք է ստացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խաղաղապահների վրա հարձակումն անվանել է «ռազմական հանցագործություն» ու հայտարարել է, թե կազմակերպությունը չի հրաժարվի իսլամիստների դեմ պայքարում Մալիի կառավարությանն օգնելուց: