Րաֆֆի Հովհաննիսյանը զգուշացրեց Սերժ Սարգսյանին
«Կուսակցապետությունը հեռացնելու համազգային պահանջը մնում է մեր օրակարգում: Մեր առջև հանցագործ իշխանություն է, որը պետք է պատասխանատվություն կրի: Քաղաքական պայքարը, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ոչ մեկի մենաշնորհը չէ, և թող ոչ ոք հետադարձ հայացքով չխմբագրի պատմությունը և չփորձի ժողովրդին համոզել, թե այդ օրերը մենաշնորհ են ու պատկանում են որևէ մեկին: Եթե կարծում են, որ անցյալը, ներկան կամ ապագան պատկանում է մի խումբ մարդկանց, սխալվում են»,- Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիս-քննարկմանը նշեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Նրանք, ովքեր ոչ մի բան չփոխած՝ հայտարարում են, թե կարող են մտնել առանձին պայքարի մեջ, ես ոչ մի մխիթարանք պիտի չունենամ, եթե հանկարծ ես կամ իմ ներկայացրած ուժը որոշենք մասնակցել ու հաղթել մյուսներին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց, թե անհավասար պայքարում ինչպես կարելի է պայքարել, և ըստ նրա՝ ամեն մեկն իր դեմքը ցույց տվեց այդտեղ. «Եթե Դաշնակցության ղեկավարությունը որոշի ի կատար ածել մեղսակցության իր որոշումը, ես այն ժամանակ դրա գնահատականը կտամ: Մարտի 1-ին ամեն ինչ անելու ենք՝ ցույց տալու համար, որ մենք սպասարկելու ենք ժողովրդի ակնկալիքը: Մենք ունենք պայքար բոլոր ճակատներում, ընդդիմադիր դաշտից մինչև հանցավոր իշխանություն՝ ամեն մեկն իր դեմքը պատռում է: Եվ ակնկալում եմ, որ մարտի 1-ին նոր էներգետիկա կլինի, ու նույն այս հրապարակում մեր սխալները կուղղենք և արտահերթ ռեժիմով մեր գործը կանենք»:
Վերջում զգուշացրեց Սերժ Սարգսյանին՝ որտեղ դրոշը, այնտեղ էլ՝ մենք. «Եթե լինի բռնության փորձ մեր դրոշակի, քաղաքացու նկատմամբ, այդ փորձին դիմակայելու ենք ամբողջ ուժով: Պայքարը շարունակվում է, և ուրբաթից ուրբաթ կհանդիպենք: Մենաշնորհյալ այս խղճուկ հատվածապաշտ մտայնությունից պետք է դուրս գանք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդին հուսախաբ չանենք, ու, եթե մտնենք հերթական քննարկումների փուլ, տանուլ կտանք»: