Նոր մանրամասներ՝ Ստամբուլում հարձակման ենթարկված հայ ընտանիքի գործով

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիջի ընտանիքի վրա հարձակման ժամանակ ընտանիքի անդամների դեմ կիրառվել է «խոզի կապանք»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբեր ականը:

«Նրանց նկատմամբ «խոզի կապանք» չի կիրառվել, ձեռքերն ու ոտքերը կապված են եղել սովորական պարանով: Բերանները ևս փակած են եղել»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ որպես տեղի հայկական համայնք իրենք պետք է քննարկեն կատարվածը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավորը նաև հաստատել է, որ հարձակում իրականացնելու գործով ձերբակալված բոլոր կասկածյալները Հայաստանի քաղաքացի են:

Դեմիրջի ընտանիքի բարեկամներից մեկն «Ակոս»-ին հայտնել է, որ իրենք դեռևս չգիտեն Հակոբ Դեմիրջիի մահվան հստակ պատճառը: «Հարձակումից մեկ օր հետո նրա դին դիահերձարանից վերցրեցինք: Ոչ ոստիկանությունը, ոչ էլ որևէ մարմինը չի հաղորդում, թե որն է Հակոբ Դեմիրջիի մահվան պատճառը: Դա կարող ենք իմանալ միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո, սակայն այդ գործընթացը 1,5 ամիս կտևի»,- ասել է նա:

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել և տանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսխցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:

Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե., Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Տեղեկությունը, որ ձերբակալվածների շարքում կան ՀՀ քաղաքացիներ, հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս