Վրաստանից ծագումով ևս մեկ ադրբեջանցի է սպանվել Սիրիայում
Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ, մարտի ժամանակ սպանվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ, Թելավի քաղաքի բնակիչ, էթնիկ ադրբեջանցի Բեսլան Մուխթարովը, գրում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Մուխթարովը Սիրիա էր ժամանել 3 ամիս առաջ: Տեղեկությունների համաձայն՝ նա սպանվել է Թուրքմենական լեռանը հասցված ռուսական ավիացիայի հարվածի հետևանքով:
Մուխթարովը մասնագիտությամբ բժիշկ էր, սակայն 2011-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները հետաքննություն էին սկսել նրա նկատմամբ արմատական ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունենալու մեղադրանքով: Դրանից հետո արգելվել էր տղամարդու մուտքը Թուրքիա: Նա վերադարձել էր Վրաստան, սկսել էր հովվություն անել: 2015թ. հոկտեմբերին նա նորից մեկնել էր Սիրիա, որտեղ վերջինիս հիմնական պարտականությունն էր զինյալներին բուժելը:
Մուխթարովի մայրը, ով տառապում է ուռուցքային հիվանդությամբ, լսելով որդու մահվան մասին լուրը, վատացել է: Վերջինիս տեղափոխել են վրացական կլինիկաներից մեկը: