«Ավելի մեծ մարտահրավեր Ռուսաստանին ուղղակի դժվար էր պատկերացնել»

«Բանակցային գործընթացում Իրանն ունիկալ երևույթ է այն իմաստով,  որ չի մոռանում՝ այս աշխարհը ոչ միայն շահերի, այլև նպատակների աշխարհ է, և մարդուն հարիր է նպատակների տեսանկյունից խոսել, այլ ոչ թե՝ ընթացիկ շահերի: Այդ գիծն Իրանի մեջ միշտ առկա է եղել՝ ի տարբերություն այն տերությունների, որոնց հետ մենք հիմա գործ ունենք»,- 168.am-ի հարցին՝ Իրանի հնարավոր միջնորդությունը ղարաբաղյան հիմնահարցի լուծմանն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, այսպես պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ Իրանը եղել է  արդյունավետ բանակցող:

«1992թ. սկսվեց նրանց միջնորդական առաքելությունը: Մեր խնդրանքով՝ այն ընդհատվել է մի պահ միայն, դա այն պահն էր, երբ գիտեինք, որ նախապատրաստվում է օպերացիաների շարք, մասնավորապես՝ Շուշիի ազատագրման օպերացիան, և որպեսզի բարեկամ Իրանը չհայտնվի ծանր վիճակում, մենք խնդրեցինք, որ մի քանի ամսով ընդհատեն միջնորդական առաքելությունը: Կարևորն այն է, որ Իրանը գնում էր փոքր քայլերի սկզբունքով, ինչն այսօրվա միջնորդները բացարձակապես չեն անում։ Եթե մի տեղ բռնկվում էր ընդհարում, նրանք բանակցություններով դա կասեցնում էին, եթե լինում էին գերիներ, նրանք կազմակերպում էին փոխանակումը, և այլն: Իրանի միջնորդության ժամանակ մթնոլորտն ավելի մեղմ էր»։

Շարունակելով՝ նա նշեց, որ այն, ինչ առաջարկում է Մինսկի խումբը՝ մինիմում արհեստական լուծումներ են, իսկ մաքսիմում՝ ուղղակի խայտառակություն. «Իրանի միջնորդությունն արդյունավետ էր, և պետք է նրա հետ գնալ բանակցությունների: Մինսկի խմբի գործունեության առաջին խանգարողը հենց Մինսկի խումբն է, որի համար մեկ ակնթարթի խնդիր էր սահմանային բախումները կասեցնելը, բայց դա չի արվում: Ես չեմ կարծում, որ Իրանը հիմա պետք է մտնի Մինսկի խմբի մեջ: Հայաստանի իշխանություններն էլ ունակ չեն եռանախագահների կամքին դեմ գնալ և դիմել Իրանին, բայց Հայաստանի քաղաքական դաշտը միանգամայն ի վիճակի է էքսպերտային ընկերություն անել, իսկ լուծումները շատ անգամ հենց այդ ուղղությամբ են գնում: Քաղաքական դաշտը պետք է կոնսուլտացիաներ սկսի Իրանի պաշտոնյաների հետ: Ադրբեջանը մեծ հուզումով կընդունի Իրանի միջնորդությունը, որովհետև նա չի ուզում փչացնել հարաբերություններն Իրանի հետ։ Մեր և Ադրբեջանի համար ակնհայտ դրական է Իրանի միջնորդությունն այս պահին»։

168.am-ի հարցին՝ այդ դեպքում Ադրբեջանն էլ Թուրքիայի միջնորդությունը չի՞ առաջարկի, նա պատասխանեց, որ շատ բան կարող են առաջարկել, բայց պետք է  ընդհանուր համաձայնություն լինի. «Մոտակա օրերին էրդողանը ժամանելու է  Ադրբեջան ու փորձի համոզել, որ Նախիջևանի տարածքից ու ուրիշ հատվածներից բախում լինի, որովհետև առկա է ռուս-ամերիկյան ալյանս տարածաշրջանային մի շարք հարցերի լուծման վերաբերյալ, որոնց մեջ մտնում է Թուրքիայի խնդրի կարգավորումը: Իլհամ Ալիևի անձնական սթափությունն ու Իրանի և Ռուսաստանի կեցվածքը թույլ չեն տա, որ Ադրբեջանը համաձայնի որևէ թուրքական արկածախնդրության մասնակցել: Լավ է, որ Ալիևը համաձայնել է Էրդողանի հետ այդպիսի փակ հանդիպում անցկացնել, որովհետև ավելի մեծ մարտահրավեր Ռուսաստանին ուղղակի դժվար էր պատկերացնել: Դա կբերի նրա աչալրջությանն ու սահմանի խաղաղմանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս