«Ակնհայտ է, որ դուք գտնվում եք իշխանության ենթակայության տակ և կատարող եք». Զարուհի Փոստանջյանը՝ Արման Թաթոյանին
«Դուք հիմա հավակնում եք Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնավարմանը, այդ դեպքում մի դեպք նշեք, որ հանդես եք եկել մարդու իրավունքների զանգվածային խախտումները դատապարտելով, եղել են ողբերգական իրավիճակներ մարտի 1-ին, բանտախցերում ապօրինի գտնվող մարդկանց, այս պահին էլ կան քաղաքական հայացքների համար դատապարտվածներ, օրինակ՝ Գևորգ Սաֆարյանը, դուք՝ որպես քաղաքացի և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվող, պետք է այդ ուղղությամբ հետաքրքրված լինեիք»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով մյուս թեկնածու Արման Թաթոյանին:
Ի պատասխան՝ Ա. Թաթոյանն ասաց, որ ինքը քաղաքացիների խոշտանգումների կանխարգելման փաթեթ է ներկայացրել.
«Ես հանդես եմ գալիս՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, ինչպե՞ս կարող եմ արձագանքել այդ դեպքերին, որ այն գրագետ ստացվի»:
Սակայն Զ. Փոստանջյանը նշեց, որ Ա. Թաթոյանը չպատասխանեց իր հարցերին, խուսափեց կարծիք արտահայտել: «Ակնհայտ է, որ դուք գտնվում եք իշխանության ենթակայության տակ և կատարող եք»,- ասաց նա:
Ա. Թաթոյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ ինքը չի խուսափում հարցերից. «Բազմաթիվ անգամ քննադատել եմ պետական համակարգում առկա խնդիրները, արտահայտել դրանք իմ ելույթներով»: