«102-րդ ռուսական ռազմաբազայի վերազինումը պլանային աշխատանքների մաս է». Նիկոլայ Բորդյուժա
Հայաստանում` Գյումրիում, տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան էքստրաօրդինար կերպով չի մեծացնում իր ռազմական ներուժը. կատարվում են պլանային աշխատանքներ: Այս մասին Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ե՛վ Տաջիկստանում գտնվող 101-րդ բազան, և՛ հայաստանյան 102-րդ բազան միացված են վերազինման համակարգին, որն այսօր տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնությունում: Խոսքը գնում է ամենաժամանակակից վերազինման ապահովման և դրանք պատրաստության բավարար մակարդակի բերելու մասին: Այստեղ խոսքը գնում է պլանային աշխատանքների մասին»,- ասաց Բորդյուժան` անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում փորձագետները մտահոգված են, որ ռուսական 102-րդ բազայի տեխնիկա պես վերազինումը ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ է կապված:
«Որպես զինվորական` կարող եմ ասել, որ միջոցառումները, որոնք ուղղված են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, հագեցվածությանը, կազմակերպվում են անընդհատ: Չեմ կարող ասել, որ 102-րդ բազան էքստրաօրդինար ձևով մեծացնում է իր ռազմական ներուժը, ամեն դեպքում ինձ այդպիսի բան հայտնի չէ»,-եզրափակեց պաշտոնյան: