Արման Թաթոյանը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինելու մասին

«Ինքս գիտեմ, որ շատ մարտահրավերների եմ հանդիպելու, ու ուզում եմ ասել, որ արդեն նախորդ աշխատանքների ժամանակ էլ հանդիպել եմ ու պատրաստ եմ այդ մարտահրավերներին, ինքս ՄԻՊ աշխատակազմում աշխատելով՝ գիտեմ՝ ինչ են այդ ճնշումները նշանակում»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ի թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ Ա. Թաթոյանն իր ելույթում նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը վեր է լինելու օրենսդիր, գործադիր մարմիններից. «Դուք վե՞ր եք պատրաստվում լինել: ՀՀ-ում ըստ Ձեզ՝ քաղաքական բանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ»:

Ի պատասխան՝ Ա. Թաթոյանը պարզաբանեց, որ իր խոսքի նպատակն այն չի եղել, որ ՄԻՊ-ը վեր է, ուղղակի ցանկացել է ընդգծել, որ չի մտնում այդ համակարգերի մեջ: Իսկ քաղաքական բանտարկյալների մասով՝ Ա. Թաթոյանն ասաց. «Ես որպեսզի կարողանամ գնահատել, անհրաժեշտ է անդրադառնալ դրանց բացահայտող չափանիշներին: Այս պահին չեմ կարող ասել, որովհետև կոնկրետ գործերի հանգմանքներին չեմ տիրապետում: Այս մասով իրավասու չեմ ու չեմ կարող պատասխանել»:

Տ. Ուրիխանյանը կրկնեց հարցը՝ ասելով, որ կոնկրետ դեպքերի չի խնդրում անդրադառնալ, այլ առհասարակ՝ կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ: Ա. Թաթոյանը կրկին հրաժարվեց կոնկրետ պատասխան տալ. «Օբյեկտիվորեն չեմ կարող, որովհետև պետք է հստակ ուսումնասիրություններ կատարել ու ասել»:

Տ. Ուրիխանյանը շարունակեց հարցադրումները՝ ասելով. «Այսօր Ձեզ ներկայացրել է կոնկրետ թիմ, եթե այդ թիմի որևէ անդամ ոտնահարեց որևէ քաղաքացու իրավունք, դուք պատասխանատվության ենթարկելո՞ւ եք նրանց, թե՞ ոչ»:

Ա. Թաթոյանն ասաց, որ իր համար նշանակություն չունի. «Ես համարում եմ ինձ այնպիսի անձնավորություն, որ ես կարող եմ անկաշկանդ լինել, ու համոզված եմ, որ ընտրվելու դեպքում կունենամ այդ հնարավորությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս