
Հայաստանի քաղաքացին խաղալիք կրակայրիչի օգնությամբ ՌԴ-ում խանութներ է թալանել

Հայաստանի 30-ամյա քաղաքացին, որը բնակվում է ՌԴ Իվանովո շրջանում, առևտրային մի շարք կետերի վրա ավազակային հարձակումներ է իրականացրել ու կանգնել դատարանի առաջ, տեղեկացնում է ivday.ru-ն։
Տղամարդը խանութների վաճառողներին վախեցնելու համար օգտագործել է կեղծ «ատրճանակ»: Այն եղել է զենքի տեսքով կրակայրիչ:
2015թ. սեպտեմբերի 19-ին վերջինս մտել է կենցաղային քիմիայի խանութի տարածք ու կրակայրիչը դնելով վաճառողուհու որովայնին՝ պահանջել է իրեն տալ խանութի ողջ գումարը։ Կինը, վախենալով իր կյանքի համար, տվել է իր մոտ գտնվող 2 հազար ռուբլին:
Անցած տարվա սեպտեմբերի 22-ին տղամարդը որոշել է խանութ թալանել Իվանովոյի փողոցներից մեկում, սակայն վաճառողը չի վախեցել ու սկսել է բղավել՝ փորձելով այդկերպ վախեցնել տղամարդուն:
Դատավորը նրան մեղավոր է ճանաչել ավազակային հարձակումներ կատարելու մեջ։ Տղամարդուն սպառնում է 4 տարվա ազատազրկում։