«Հանեք, հանեք, էդքան դուխ ունեք` փորձեք հանել». Զարուհի Փոստանջյանը՝ Հովհաննես Սահակյանին
«Նորմալ, պարկեշտ անձնավորությունն է, ՀՀ քաղաքացի է, շատ նորմալ է նաև շփման մեջ, պարզ է, պարոն Լիսկան չէ, նա նաև այն պետական պաշտոնյաներից էր, որ եկավ ու մասնակցեց իմ կողմից կազմակերպած լսումներին, որը վերաբերվում էր իմ օրենսդրական նախաձեռնությանը՝ ՀՀ օկուպացված տարածքների վերաբերյալ, ես նրա հետ կապված որևէ խնդիր չունեմ»,- այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով թեկնածուներից Արման Թաթոյանի մասին:
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ Զ. Փոստանջյանը հիմա պայքարի կիզակետում է, արդյոք ուզո՞ւմ է այդ պայքարի կիզակետից մի քանի մակարդակ իջնել: Ի պատասխան՝ Զ. Փոստանջյանը միայն ասաց, որ ինքն այդպես չի մտածում:
Հանձանաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասաց. «Ձեր ելույթները ընդհանրապես չեն տարբերվում Աժ ամբիոնի ելույթներից: Ես ուզում եմ ձեր հայեցակարգային ելույթները լսել, թե չէ՝ Լիսկա, չգիտեմ ինչ»:
«Դուք կարող է՝ ուրիշ շատ բաներ էլ եք ուզում լսել, բայց դա չի նշանակում, որ պետք է ասեմ»,- պատասխանեց Զ. Փոստանջյանը:
Հովհաննես Սահակյանը հարց բարձրացրեց՝ արդյոք Զ. Փոստանջյանի կրթությունը համարվո՞ւմ է բարձրագույն՝ ինչպես պահանջում է ՄԻ պաշտպանի չափանիշները: Ի պատասխան Զ. Փոստանջյանն ասաց, որ սովորել է ոչ պետական ԲՈՒՀ-ում, բայց ատեստավորում է ստացել: Հ. Սահակյանն էլ ասաց, որ պետք է այդ ատեստավորումն էլ ներկայացրած լինեին, բայց հիմա Զ. Փոստանջյանին չեն հանում թեկնածուների ցուցակից, մինչև նա ներկայացնի այդ փաստաթուղթը:
«Հանեք, հանեք, էդքան դուխ ունեք փորձեք՝ հանել»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը:
Հ. Սահակյանն էլ Զ. Փոստանջյանին հորդորեց «գոնե այս երկու ժամը զսպվածություն ցուցաբերել»: