Էդմոն Մարուքյանն առաջարկեց Տիգրան Ուրիխանյանին, որ նրա թեկնածուն ինքնաբացարկ հայտարարի

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ինքը քվեարկելու է իր առաջադրած թեկնածուի և Զարուհի Փոստանջյանի օգտին:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Մարգարյանն առաջադրել են թեկնածու Զարուհի Փոստանջյանին, Տիգրան Ուրիխանյանը՝  Նարեկ Ալոյանին, իսկ ՀՀԿ խմբակցությունը՝  Արման Թաթոյանին:

Տ. Ուրիխանյանը դժգոհեց, որ, երբ ինքը մոտեցել է Է. Մարուքյանին և առաջարկել միասնական ընդդիմադիր թեկնածու ներկայացնել, Է. Մարուքյանն ասել է, որ ինքը դեռ թեկնածու չունի, այնուհետև առաջադրել է Զ. Փոստանջյանին: Նա հետաքրքրվեց Է. Մարուքյանից՝ ինչո՞վ է դա  պայմանավորված:

«Դուք առաջարկում էիք համաձայնություն առ այն, որ ես ձայն տայի ձեր թեկնածուին, դուք էլ՝ իմ թեկնածուին, բայց ես չեմ պատկերացնում երկրորդ անձի ձայն տալը»,- պարզաբանեց Է. Մարուքյանը:

Ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանն ասաց. «Երբ ես ասացի՝ դուք ունե՞ք թեկնածու, դուք ասացիք՝ ոչ, թեկնածու դեռ չունեմ, ասացիք՝ ի՞նչ եք առաջակում՝ ես ձեր թեկնածուին ձայն տամ, դու ի՞մ, ես ասացի՝ այո, ինչո՞ւ՝ ոչ, բայց ես առաջարկել եմ ընդդիմադիր միասնական թեկնածու առաջարկել»:

Է. Մարուքյանն էլ պնդեց, որ իր պատմածով է եղել. «Ոչ մի բան չի խանգարում, որ ձեր թեկնածուն ինքնաբացարկ հայտարարի, դուք ձեր ձայնը տաք Զարուհի Փոստանջյանին»:

Տեսանյութեր

Լրահոս