ԴԱԻՇ-ը քիմիական զենք ունի. ԱՄՆ ԿՀՎ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ն արդեն քիմիական զենք է կիրառել, ինչպես նաև ունի հնարավորություն ստեղծել քլորի ու զարինի ոչ մեծ քանակություն, հայտնում է CBS հեռուստաալիքը:
«Մենք գիտենք ԴԱԻՇ-ի կողմից մարտադաշտում քիմիական զինամթերքի օգտագործման բազմաթիվ դեպքերի մասին»,- ասել է Բրեննանը:
«Կան բոլոր նշանները, որ ԴԱԻՇ-ն արդեն ունի քիմիական զենք»,- հավելել է նա:
Ինչպես հաղորդվում է, Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հայտնաբերել էին զարինի ու քիմիական այլ թունավոր գազերի կիրառման դեպքեր Սիրիայում:
Բրեննանը հավելել է, որ ԴԱԻՇ-ը կարող է փորձել արտահանել քիմիական զենքը արևմտյան երկրներ՝ փողի դիմաց:
«Հենց այդ պատճառով էլ կարևոր է կասեցնել տարբեր տրանսպորտային գծերն ու մաքսանենգության ուղիները, որոնք նրանք օգտագործում են»,- ասել է նա:
2 օր առաջ այս մասին հայտարարել էր ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը Կոնգրեսի կոմիտեի լսումների ժամանակ: