Մյունխենում Սիրիային նվիրված բանակցությունների մասնակիցները համաձայնության եկան հրադադարի շուրջ
Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման արդյունքում համաձայնեցվել է հայտարարության տեքստը: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, երկրում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հաստատումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Միջազգային գործընթացի մասնակից երկրները պայմանավորվեցին օգտագործել իրենց ազդեցությո ւնը հումանիտար գործողություններն անհապաղ ապահովելու համար: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ այս շաբաթվա վերջը Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու շուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք է ավելի սերտորեն համաձայնեցնեն իրենց գործողությունները Սիրիայում, եւ առաջիկայում երկու երկրների ներկայացուցիչները բանակցություններ կվարեն այդ թեմայի շուրջ: Նրա խոսքով՝ դրանց արդյունքները պետք է ազդեն Սիրիայի հումանիտար իրադրության եւ երկրում լարվածության թուլացման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ Սիրիայի խնդրում առաջընթաց է ձեռք բերվել հումանիտար օգնության ցուցաբերման եւ կրակի դադարեցման հարցերում: Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման հասնել մեկ շաբաթվա ընթացքում: Դա ահաբեկչական խմբերին չի վերաբերում: Քերին հավելել է, որ աշխատանքային խումբը՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ, կմշակի զինադադարի պայմանները: «Մենք բոլորս պետք է աշխատենք Ռուսաստանի հետ Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման համար»,- ասել է նա:
Մյունխենի հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ ժնեւյան բանակցությունները պետք է վերսկսվեն հնարավորինս շուտ, հավելել է պետքարտուղարը: ՄԱԿ-ը հումանիտար օգնության փոխադրումը վերահսկելու է այն երկրների ներգրավմամբ, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի իրադրության վրա:
«Մենք համաձայնեցինք, որ չկա զինադադար հաստատելու եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու այլ եղանակ, քան Ռուսաստանի հետ բոլոր անդամների համագործակցությունը»,- ընդգծել է Քերին:
Սիրիայի շուրջ առկա տարաձայնություններն անհրաժեշտ է հաղթահարել բանակցությունների ընթացքում, որոնց պետք է մասնակցի նաեւ երկրի նախագահ Բաշար Ասադը, հավելել է Քերին: Պետքարտուղարը չի բացառել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ կոնսուլտացիաների անցկացումն առաջիկա շաբաթվա ընթացքում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մյունխենի հանդիպման գլխավոր արդյունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերին ընդունված բանաձեւի հաստատումն է: «Սիրիայի հումանիտար բարդ իրադրության լուծման համար հարկավոր է հավաքական աշխատանք, մեր գործընկերներն ավելի ու ավելի են դա հասկանում»,- նշել է նա:
Սիրիայում հրադադարի հարցերով Ռուսաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի մանդատը ներառելու է այն շրջանների որոշումը, որոնք վերահսկում են ահաբեկիչները, ճշտել է ՌԴ նախարարը: Մյունխենի հանդիպմանը կողմերը համաձայնել են, որ հումանիտար օգնություն պետք է ցուցաբերվի Սիրիայի առանց բացառության բոլոր բնակավայրերին, հավելել է Լավրովը: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտնել է, որ Սիրիայում հումանիտար հարցերի գծով ստեղծված նպատակային խումբն աշխատելու է յոթ տարածաշրջաններում: