Ինչպես են սպանված Հայկազ Բարսեղյանի արյան հետքերը հայտնվել պտտաձողի վրա

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանում շարունակվում է ապացույցների հետազոտումը:

Հրապարակվեց կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, որը նշանակվել էր «ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիրա: Քաշքշուկի համար կներեք» գրության առնչությամբ: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ ձեռագիր գրառումները կատարվել են միևնույն անձի կողմից: Ըստ դրա՝ գրառումները հավանաբար չեն կատարվել գործով ամբաստանյալ Մովսես Ազարյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից, կատեգորիկ հետևության հանգել չի հաջողվել հետազոտելի ձեռագիր գրառումների գրաֆիկական նյութի սակավության պատճառով: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ գրառումները հավանաբար կատարվել են Հայկազ Բարսեղյանի կողմից. կատեգորիկ հետևության հանգել չի հաջողվել հետազոտելի ձեռագիր գրառումների գրաֆիկական նյութի սակավության պատճառով: Հետազոտելի ձեռագիր գրառումներով անսովոր ձեռքով կատարման, ձեռագրի դիտավորյալ փոփոխման հատկանիշներ չեն հայտնաբերվել: Դրանք կատարվել են գրող անձի համար սովորական ձեռքով, չփոփոխված ձեռագրով:

Հրապարակվեց նաև դատահետքաբանական-դատակենսաբանական համալիր, կենսաբանական մանրաթելային փորձաքննությունների եզրակացությունները: Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե ամբաստանյալների, թե տուժողի հագուստներ են առգրավվել, վերցվել են նմուշներ՝ պարզելու համար՝ արդյո՞ք ամբաստանյալները դեպքի ժամանակ եղել են 408 ննջասենյակում. «Այս եզրակացության համաձայն, հարգելի դատարան, մեր պաշտպանյալների որևիցե մասնիկ՝ թուք, արյուն կամ այլ արտադրություն կամ հագուստների մասնիկներ տուժողի հագուստների վրա չեն եղել, և՝ ընդհակառակը: Այսինքն՝ այս փորձաքննության եզրակացության համաձայն՝ հերքվում են այն տեղեկությունները, թե իբր մեր պաշտպանյալները դեպքի ժամանակ գնացել, այնտեղ են եղել: Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ ըստ մեղադրական եզրակացության՝ մեր պաշտպանյալները 40 րոպե գտնվել են այնտեղ, սպանելուց հետո մասնավորապես իմ պաշտպանյալը հագցրել է տուժողների հագուստները, տեղափոխել են, տարել են, կախաղան են հանել»: Մեղադրող Կարեն Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հագոստները զորամասում նույնն են, նույն բաղադրությունն են պարունակում: Մեղադրող Հայկ Հարոյանն էլ ասաց, որ պաշտպանի հայտարարությունն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում. կան անձինք, որոնց վրա հայտնաբերվել են որոշակի հետքեր, սակայն կտրուկ եզրահանգման հանգել հնարավոր չի եղել:

Արա Զաքարյան ասաց, որ, եթե ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանը մահացած է եղել 408 ննջասենյակում, ինչպես կարող էին սենյակի տարբեր հավածներում, պտտաձողի վրա հայտնաբերվել նրա արյան հետքերը: Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ չգիտես ինչու՝ փաստաբանը հաստատված համարեց կամ ենթադրեց, որ հենց 408 ննջասենյակում է վրա հասել Հայկազ Բարսեղյանի մահը: Նա նշեց նաև, որ եզրակացության մեջ նշվել է, որ որոշել՝ արյունն առաջացել է կենդանի՞, թե՞ արդեն մահացած մարդուց, գիտականորեն հնարավոր չէ:

Տեսանյութեր

Լրահոս