
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

Փետրվարի 11-ին Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ` հյուրերին Շուշիի մատույցներում դիմավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Աշխատանքային այցի ծրագրի մեկնարկին ՀՀ Ազգային ժողովի նախագահը եւ պատվիրակությունը Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ տեղի է ունեցել ծաղկեպսակադրման արարողություն: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել նաեւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին:
Օրվա երկրորդ կեսին նախատեսվում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր եւ բարձրագույն իշխանությունների հետ: