
Կարեն Ճշմարիտյանը` իր հնարավոր պաշտոնանկության մասին

ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի բացառում իր հնարավոր պաշտոնանկությունը` նշելով, որ «ոչինչ չի կարելի բացառել»: Պատասխանելով լրագրողների հարցերին` Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ տվեց հարցը չանձնավորել, այլ դիտարկել քաղաքական անհրաժեշտության տեսանկյունից: «Այս ընթացքում մեր լրահոսն ավելի շատ անձնականացնում է, քան պետք է քաղաքականացի: Ցանկացած այսպիսի գործընթացներում, երբ կա քաղաքական երկխոսություն կամ քաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտություն, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ու պաշտոններն ընկալել ոչ թե անձնավորված, այլ որպես քաղաքական պատասխանատվության, գաղափարական բանակցությունների, մասնագիտական դաշտում առավել ընդգրկվածության առումով, այլ ոչ թե անձի»,- ասել է Կարեն Ճշմարտիյանը:
Նա նկատեց, որ շաբաթվա վերջում քաղաքական իրադրությունում պարզություն կմտցվի, ինչպես նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Քաղաքական անհրաժեշտությունը մասնագիտական կարողություններից դուրս է: Ես խորհուրդ կտայի մեր լրատվությանը չանձնականացնել»,-հավելեց Ճշմարիտյանը: «Իսկ ինչով է պայմանավորված ՀՅԴ-ին տրվող ոլորտների ընտրությունը» հարցը Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ տվեց հղել Հանրապետականի հետ կոալիցա կազմող ուժին: