Թրամփի ու Սանդերսի հաղթարշավը Նյու Հեմփշիրում
Այս անգամ հարցումները չեն հիասթափեցրել մարդկանց: Նյու Հեմփշիրի փրայմերիզի նախօրեին հարցումները միաձայն կանխատեսում էին միլիարդատեր Դոնալդ Թրամփի ու 74-ամյա սենատոր Բեռնի Սանդերսի հաղթանակները, հայտնում է BBC-ն:
Հանրապետականների կողմից Թրամփը ստացել է ձայների ավելի քան 35%-ը, երկրորդ տեղում Օհայոյի նահանգապետ Ջոն Կեյսիկն է՝ ձայների 15,9%-ով:
Այովայի փրայմերիզում հաղթանակած Թեդ Կրուզը ստացել է ձայների 11,7%-ը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ 11%:
Սենատոր Մարկո Ռուբիոն ձայների ընդամենը 10,6%-ով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Ինչպես գրում է Թիմոթի Լին լիբերալ Vox կայքում, Նյու Հեմփշիրի քվեարկության արդյունքները «եղել են իսկական աղետ հանրապետական իշխող շրջանակների» համար ու «լավագույն հնարավորը Դոնալդ Թրամփի համար»:
Հարցումների համաձայն՝ հանրապետականների 62%-ը Թրամփին բացասաբար է վերաբերվում: Դա ամենաբարձր բացասական վարկանիշն է կուսակցության թեկնածուների շրջանում, այդ պատճառով էլ կա կարծիք, որ Թրամփը խոցելի կլինի ցանկացած այլ հանրապետականի հետ մենամարտի ժամանակ: