Սիրիական բանակը ահաբեկիչներից խլել է Հալեպի կարևոր օդանավակայաններից մեկը
Սիրիական բանակը ՌԴ ռազմատիզերական օդուժի աջակցությամբ ներխուժել է Հալեպից հյուսիս ընկած «Մենեգ» ռազմական օդանավակայանի տարածք, հայտնում է LifeNews-ը:
Այդ օդանավակայանը, որը ռազմավարական առումով կարևոր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի համար, բանակը կորցրել էր 2013թ. ԴԱԻՇ-ի, «Ջեբխատ ան-Նուսրա», «Ահրար աշ-Շամ» ահաբեկիչների դեմ մղված ծանր մարտերի հետևանքով:
Այդ ժամանակ 3500 զինյալներ տարբեր կողմերից գրավել էին օդանավակայանը, իսկ 45 հազար զինյալ սկսել էր Հալեպ քաղաքի վրա հարձակումը:
Զինյալները գրավել էին ոչ միայն Հալեպի շուրջ ընկած բնակավայրերը, այլև հենց քաղաքը, սակայն հիմա Սիրիայի կառավարական բանակը իր վերահսկողության ներքո է վերադարձրել Հալեպ նահանգի գրեթե 70 տոկոսը ու նույնանուն քաղաքի մոտ 80 տոկոսը:
«Մենեգը» առանցքային կետ էր ահաբեկիչների համար ու ամենամեծ տեղակայման բազան: Հենց այդտեղ էր ժամանում Թուրքիայից եկող վարձկանների մեծ մասը: