Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնությամբ ԱՄՆ-ում նոր բացահայտում են արել

1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում: Հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական սթրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այն հանդիպում է բռնությունների կամ բնական աղետների զոհերի, ինչպես նաեւ՝ պատերազմի միջով անցած զինվորականների եւ քաղաքացիական անձանց մոտ: Արդյունքում, հիվանդությամբ տառապող անձը հիվանդությունն առաջացրած իրադարձությունից տասնամյակներ անց դեռ շարունակում է հոգեբանական սթրես վերապրել:

Այսօր Աֆղանստանից եւ Իրաքից Միացյալ Նահանգներ վերադարձած զինվորականների մի մասը տառապում է հետտրավմատիկ սինդրոմից: Գիտնականների խոսքով, այս հիվանդությունն ավանդական ընկճախտ կամ հոգեկան խանգարում չէ: Հոգեբանների խոսքով, այս հիվանդության հետ կապված բազմաթիվ հարցեր մինչ օրս առեղծված էին մնում:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մի շարք գիտնականներ հետազոտել են 1988-ին Սպիտակի երկրաշարժից տուժած մի խումբ մարդկանց՝ փորձելով գենետիկ մակարդակով տարբերություններ գտնել հետտրավմատիկ սինդրոմով տառապող եւ չտառապող, աղետի գոտուց դուրս եկածների միջեւ:

Հետազոտման արդյունքներն անսպասելի էին նույնիսկ գիտնականների համար: Պարզվել է, որ ուղեղի աշխատանքի համար պատասխանատու երկու գեներ կարող են հետտրավմատիկ սինդրոմի հակում ստեղծել: Այսպես՝ այդ երկու գեների որոշակի ձեւն ունեցող մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել մոռանալ անցյալում իրենց հետ տեղի ունեցած հոգեբանական ծանր սթրեսը:

Գիտնականների խոսքով, արդյունքները թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ սինդրոմի բուժման հարցում ու օգնել դրա դրանից տառապող անձանց վերջապես մոռանալ անցյալի ծանր փարձությունները եւ վայելել լիարժեք կյանք:

Տեսանյութեր

Լրահոս