Հունվարի 1-ից թանկացրել են մանկապարտեզների վարձավճարները. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքի ավագանին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ որոշում է ընդունել 2016 թվականի հունվարի 1-ից թանկացնել մանկապարտեզների վարձավճարները, այսուհետ ծնողները ստիպված են լինելու 6000 դրամի փոխարեն վճարել 7000 դրամ:
Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վանդանյանից: Ի պատասխան Վարդանյանն ասաց. «Նախ 1000 դրամով չի ավելացել, այլ եղել է ընդամենը 500 դրամի թանկացում: Երկրորդ՝ քաղաքապետարանը ամեն ինչ անում է մանկապարտեզների համար, վճարում է թե՛ ջեռուցման գումարները, թե՛ աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաեւ մշտապես բարեկարգում է դրանք:
Մեր բյուջեն տեղական հարկերից է գոյանում եւ այդ բյուջեն չի ավելացել: Իսկ քանի որ բարձրացել են կոմունալ վարձավճարները՝ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները, իսկ դրա հետ կապված սննդամթերքի գները, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված են վարձավճարների թանկացումները: Իսկ մեկ երեխայի համար քաղաքապետարանը վճարում է 30 հազար դրամից ավելի»:
Երբ հիշեցրինք, որ արդեն երկար տարիներ Երեւանի մանկապարտեզները գործում են անվճար հիմունքներով, Վարդան Վարդանյանը նկատեց. «Չի կարելի Երեւանի բյուջեն համեմատել Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: