ԱՄՆ-ի քաղաքականությունը քրդերի նկատմամբ հանգեցրեց արյան ծովի. Էրդողանը քննադատել է Ամերիկային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին այն բանի համար, որ տարածաշրջանը բառացիորեն «արյան մեջ խորտակվում է», քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է ընդունել Սիրիայի տարածքում գործող քրդական կազմակերպությունները՝ որպես ահաբեկչական:
«էյ, Ամերիկա´, ձեզ չի հաջողվի, որ մենք ընդունենք ո´չ «Քրդական աշխատավորական» կուսակցությանը, ո´չ «Դեմոկրատական միությանը», ո´չ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»: Մենք շատ լավ գիտենք այդ կազմակերպությունները, ինչպես գիտենք ԴԱԻՇ-ին: Քանի որ դուք նրանց երբեք չեք ընդունել որպես ահաբեկիչներ, տարածաշրջանը վերածվել է արյան ծովի»,- Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերում է Hurrieyt-ը:
«Դուք մե՞ր կողմից եք, թե՞ ահաբեկիչների: Սա ի՞նչ գործընկերություն է: Նրանք մեզ ուղղակի ոչինչ չեն ասում, իսկ մեր մեջքի հետևում հայտարարում են, թե մտադիր են ինչ-որ փաստեր անտեսել»,- վրդովվել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան Անկարայում ԱՄՆ-ի դեսպանին իր մոտ էր կանչել ԱՄՆ Պետդեպի՝ քրդերի մասին հայտարարություններից հետո: Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը «Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միությունը» չի համարում ահաբեկչական կազմակերպություն»: