Էրդողանն սպառնում է Եվրոպան ողողել փախստականներով. Spiegel

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպան ողողել փախստականներով՝ ամբողջությամբ բացելով նրանց առաջ իր սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա փոխել Անկարայի հետ գործարքի պայմանները: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով Անկարայում բանակցությունների սղագրությանը:

Երբ Էրդողանը հարցրել է, թե որքան կլինի գործարքի վճարման գումարը, Յունկերը պատասխանել է, թե համաձայն ԵՄ-ի պլանների, Անկարան կստանա 3 մլն եվրո 2 տարվա ընթացքում: Սակայն Թուրքիայի նախագահը պահանջել է մեծացնել վճարումը մինչև 3 մլրդ եվրո տարեկան ու ընդգծել է, որ գործարքի կնքմամբ շահագրգռված է հենց Եվրամիությունը, այլ ոչ թե Անկարան:

Ինչպես նշել է Էրդողանը, իր երկիրը կարող է հեշտորեն լուծել ներգաղթյալների խնդիրը ու խնդիրը դնել եվրոպացիների ուսերին՝ բացելով սահմաններն ու «փախստականներին ավտոբուսներով ուղարկելով ուղիղ Հունաստանի ու Բուլղարիայի դռների մոտ»:

Թուրքիայի նախագահը հասկացրել է, որ Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասվում, եթե չհամաձայնի իր պայմաններին ու վստահություն է հայտնել, որ Բրյուսելը չի կարող ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը:

«Ի՞նչ պետք է անի ԵՄ-ն փախստականների հետ, եթե գործարքը տեղի չունենա: Կսպանի՞ նրանց»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, թե եվրոպացի ղեկավարները, երևի թե վատ են պատկերացնում իրենց սպասվող աղետի մասշտաբները:

Փաստաթղթից ակնհայտ է, թե որքան ուժեղ է Էրդողանը զգում իր իշխանությունը Բրյուսելի վրա, նշում է Spiegel-ը:

Տեսանյութեր

Լրահոս