Գործակալ Տիգրան Մկրտչյանը խոսել է երեք ֆուտբոլիստների՝ Մարկոս Պիզելիի, Ռոբերտ Արզումանյանի և Արթուր Եդիգարյանի մասին
Գործակալ Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույց է հրապարակել ղազախական sports.kz կայքը: Այս մասնագետը ներկայացնում է այն գործակալությունը, որի հաճախորդներն են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հենց այս երեք ֆուտբոլիստների մասին էլ խոսել է Տ. Մկրտչյանը: Անդրադառնալով Մարկոս Պիզելին՝ նա նշել է, որ Սաուդյան Արաբիա տեղափոխված ֆուտբոլիստի գործերը բավական հաջող են ընթանում, եւ նա աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում, ընտելանում է նոր միջավայրին: «Մարկոսն այնպիսի ֆուտբոլիստ է, որ որտեղ էլ խաղա, կարելի է վստահ լինել, որ կցուցադրի իր հնարավորությունները», -ասել է գործակալը՝ տեղեկացնելով, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ամառ: Սակայն, եթե Մարկոսին ամեն ինչ ձեռնտու լինի, ապա նա մեկ տարի էլ կխաղա թիմում:
Անդրադառնալով «Շախտյոր»-ում հանդես եկող Ռոբերտ Արզումանյանին՝ նա նշել է, որ վերջին ստուգողական խաղում ավագի թևկապով հանդես գալը վկայում է, որ մարզիչը նրան վստահում է: «Կարող եմ մի բան ասել. Ռոբերտն իրեն լավ է զգում, և եթե ստացվի համաձայնության գալ պայմանագրի շուրջ, ապա նա մեկ տարով կմնա Կարագանդայում»,- ասել է Տ. Մկրտչյանը:
Գործակալը խոսել է նաեւ Արթուր Եդիգարյանի եւ Ռումյան Հովսեփյանի՝ «Շախյոր»-ից հեռանալու մասին: Նրա դիտարկմամբ, մարզիչն է կատարել նման ընտրություն: