ՔՊ-ն Բագրատյանից հրավեր չի ստացել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հրավեր չի ստացել Հրանտ Բագրատյանից՝ լայն կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:
««Քաղաքացիական պայմանագրի» քաղխորհուրդը շաբաթ օրը որոշում է կայացրել հաջորդ ընտրություններին մասնակցել միայնակ՝ առանց որևէ ուժի հետ դաշինք կազմելու: Սա ունի ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական նպատակներ: Ինչ վերաբերում է նոր հրավերներին ու նոր դաշինքներ ձևավորելուն, կարծում եմ, որ անցած 2 օրերին քաղաքական դաշտում առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, և ֆորսմաժորային իրավիճակներ չկան, դրա համար նման հայտարարությունները այս պահին կդժվարանամ մեկնաբանել: Մեր որոշումը մնում է ուժի մեջ և մենք այդ ուղղությամբ ենք շարժվելու»,- ասաց Ա.Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկացած հրավեր կամ առաջարկ ստանալու դեպքում վարչությունը քննարկում է և որոշումներ է կայացնում:
Հիշեցնենք, որ «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախորդ օրը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ բոլոր քաղաքական ուժերին հրավիրել է և հիմա էլ է հրավիրում լայն կոալիցիա կազմելու: Հ.Բագրատյանը հնչեցրել էր «Ազատ դեմոկրատների», ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Նոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի», ՀՀՇ-ի և «Հանրապետության» անուններն ու շեշտել, որ եթե այս ուժերը միավորվեն՝ նրանք հաղթում են պառլամենտական ընտրություններում: