ԱՄՆ-ը 4 միլիարդ դոլար կհատկացնի ռուսական ագրեսիային հակազդելու համար
ԱՄՆ-ի բյուջեի նախագծում ներառված են ծախսեր ռուսական ագրեսիայի նկատմամբ կայունությունը բարձրացնելու համար: ԱՄՆ-ը պլանավորում է այդ նպատակով հատկացնել 4,3 մլրդ դոլար: Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, այս մասին նշված է Սպիտակ տան կայքում փետրվարի 9-ին հրապարակված փաստաթղթում:
Ինչպես բխում է նախագծի բացատրությունից, 4,3 միլիարդ դոլարը կհատկացվի «քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ու ռազմական աջակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու դաշնակից երկրների՝ ռուսական ագրեսիայից խոցելիության նվազման ու կայունության բարձրացման համար»:
Եվրոպայում անվտանգության ապահովման համար այդ նպատակով նախատեսվում է ծախսել 3,4 միլիարդ դոլար:
Առաջնայինը համարվում են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: 2016թ. այդ նպատակով ԱՄՆ-ը հատկացրել է 789 մլն դոլար: Բյուջեի նախագծում ասվում է, որ այդ միջոցները կուղղվեն ժողովրդավարության զարգացմանը, պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը, էներգետիկ անվտանգության մեծացմանն ու հակակոռուպցիոն միջոցառումներին:
Հիշեցնենք, որ 2017թ. ռազմական ծախսերը կկազմեն 563 մլրդ դոլար:
ԱՄՆ արտաքին քաղաքական բյուջեի ողջ նախագիծը կազմում է 50,1 միլիարդ դոլար: