Շվեդիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված ձևաչափով հանդիպում կազմակերպել
Կապված Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հետ՝ Մինսկի խմբի անդամ երկրների հանդիպումը կարող է անցկացվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը:
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկել է լարվածության թուլացման հարցը: «Մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- հայտնել է Շվեդիայի արտգործնախարարը՝ նշելով, թե իր երկիրը կարող է նպաստել այդ հարցում առաջընթացին: «Կարգավորման հիմնական մասնակիցները համանախագահներն են, սակայն և մենք պետք է անենք ամեն ինչ հակամարտության խաղաղ լուծման համար:
Հաշվի առնելով միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, պետք է հասնենք հակամարտության կարգավորմանը: Հնարավոր է՝ անհրաժեշտություն առաջանա անցկացնել հանդիպումներ ավելի ընդլայնված ձևաչափով: Մենք դա առաջարկում ենք ու պատրաստ ենք նման հանդիպմանը»,- ասել է նա: