ՀՀԿ-ն ավելի շատ պատասխանատվության լղոզման ճանապարհով է ընթանում. Թևան Պողոսյան
«Հավանաբար հաջորդ շաբաթվանից կունենանք կոալիցիոն կառավարություն: Թե այն իսկապե՞ս կկարողանա հարցերն այն ուղղությամբ տանել, որ ժողովրդական ինստիտուտները, տնտեսությունը զարգանան, ՀՅԴ-ն կբերի՞ իր ուրույն լուման Հայաստանի խնդիրների լուծմանը, կյանքը ցույց կտա»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ շատ դժվար է ասել, թե կարճ ժամանակահատվածում կունենանք ինչ-որ հաջողություններ: Ըստ նրա՝ եթե չունենանք համակարգային փոփոխություններ, շատ դժվար է լինելու առանձին ոլորտներում ինչ-որ առաջընթացներ արձանագրել.
«Այդ իմաստով՝ հուսով եմ, որ ՀՅԴ մեր գործընկերները լավ գնահատում ու հասկանում են, որ մեկ տարի հետո ընտրություններից առաջ լինելու է պահանջ, թե ի՞նչ իրենք փոխեցին, ու պետք է կարողանան ինչ-որ արդյունքներ ներկայացնել: ՀՀԿ-ն այս պարագայում ավելի շատ պատասխանատվության լղոզման ճանապարհով է ընթանում և նույն այդ նախընտրական գործընթացներում կասի, որ ամեն ինչի պատասխանատուն կամ մեղավորն ինքը չէ, կային այլ քաղաքական ուժեր, որոնք չկարողացան իր հետ միասին խնդիրները լուծել»:
Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ Դաշնակցությունն իր դասերը քաղել է ու դրա պատճառով է այսքան երկար բանակցում:
Հարցին՝ ի՞նչ է անում 2017թ. խորհրդարանում հայտնվելու ուղղությամբ, նա պատասխանեց. «Առայժմ անելու եմ այն, ինչ անում եմ, քանի որ 2012թ. միանալով «Ժառանգությանն» ու «Ազատ դեմոկրատներին»՝ իմ առջև խնդիր էի դրել նպաստելու հասարակական սեկտորի զարգացմանը, եվրոպական ինտեգրման ուղղություններին գնալուն, որոնցից պատկերացում և տեսլական ունեմ:
Այդ նույնը փորձելու եմ անել մինչև իմ մանդատի ավարտը, քանի որ, երբ վերցնում եմ պարտավորություններ, սիրում եմ դրանք կատարել: 2017թ. սկզբին նոր կմտահոգվեմ այս խնդիրներով, քանի որ ժամանակ կա հասկանալու՝ արդյո՞ք կա մի քաղաքական ուժ, որի հետ կցանկանամ շարունակել քաղաքական գործունեություն: Այս հարցերով հիմա չեմ մտահոգվում, որովհետև միշտ ունեմ վերադառնալու տեղ»: