Բաժիններ՝

Ստամբուլում պոլսահայ ընտանիքի վրա հարձակված անձինք ձերբակալվել են

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալել են Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիրջի ընտանիքի վրա հարձակում իրականացրած անձանց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»
պարբերականը:

Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսել հարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսխցիկների ձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էր դարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլից ուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է: Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչել Վրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած, մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:

Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել: Հարձակումն իրականացնող երեք անձինք գողացել էին տան թանկարժեք իրերը, 100 հազար թուրքական լիրա (34 հազար ԱՄՆ դոլար): Նրանք հայ զույգին կապել էին «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով, ինչը թույլ էր տվել ենթադրելու, որ կատարվածը ատելության հողի վրա իրականացված հանցագործություն է:

Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին կապանքի հետևանքով խեղդվել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Հիվանդանոցից արդեն դուրս գրված Սեդա Դեմիրջին տեղափոխվել է զարմիկի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս