Բաժիններ՝

Սիրիայի բանակի նպատակը Թուրքիայի հետ սահմանի ամրապնդումն է. Ասադի խորհրդական

Սիրիայի բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանի ամրապնդումն է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական խորհրդական Բուսեյնա Շաաբանը:

Վերջին շաբաթներին Սիրիայի կառավարական զորքերը, շարունակելով հարձակումները ահաբեկչական խմբավորումների դեմ, իրենց վերահսկողության տակ են վերցրել ընդարձակ շրջաններ Լաթաքիա ու Հալեպ նահանգներում, որոնք հյուսիսից սահմանակից են Թուրքիային:

«Մենք հուսով ենք, որ օպերացիան հյուսիսում կշարունակվի այնքան ժամանակ, քանի մենք չենք վերադարձնի վերահսկողությունը սահմանների նկատմամբ, որպեսզի կանգնեցնենք ահաբեկիչների հոսքը, որոնց Թուրքիան ուղարկում է Սիրիա՝ ճգնաժամն սկսվելուց ի վեր»,- հայտարարել է Ասադի խորհրդականը Reuters գործակալության հետ զրույցում:

Հարձակումները շարունակվում են բոլոր ուղղություններով, ու հիմա սիրիական բանակը մտադիր է ուժեղացնել հարվածները՝ ուղղված ահաբեկիչների շտաբներին ու պահեստներին:

Երկնքից Սիրիայի կառավարական բանակի մարտիկներին աջակցում է ռուսական ավիացիան, սակայն այդ ռազմավարական շրջանները գտնվում են թուրքական սահմաններից ոչ հեռու, ինչի պատճառով էլ օդաչուները չեն կարողանում մոտենալ թուրքական սահմանին:

Միաժամանակ, երկրի հյուսիսում ծավալվում է ոչ միայն լայնամասշտաբ ռազմական օպերացիա, այլև մարդասիրական: LifeNews-ի հաղորդմամբ՝ տեղափոխվում է սնունդ, դեղամիջոցներ ու վառելիք: Մարդասիրական շարասյուներն ուղեկցում են Սիրիայի բանակի մարտիկները, որոնց ազատագրված Էզ-Զահրա ու Նուբուլ քաղաքներում դիմավորում են որպես հերոսների: Այդ բնակավայրերը ավելի քան 3 տարի գտնվել են «Ջեբխատ ան-Նուսրայի» տիրապետության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս